Ինչու՞ էր Մոդրիչն արժանի «Ոսկե գնդակ»-ին

06 Դեկտեմբերի 2018 20:43
Ինչու՞ էր Մոդրիչն արժանի «Ոսկե գնդակ»-ին

Դեկտեմբերի 3-ին Լուկա Մոդրիչը ստացավ «Ոսկե գնդակ»-ը: Քվեարկության արդյունքում խորվաթ կիսապաշտպանը հաղթել էր ձայների զգալի առավելությամբ, սակայն երկպագուներից ու մասնագետներից շատերը համաձայն չեն այդ արդյունքի հետ՝ տարբեր պատճառներով:

Այժմ՝ մրցանակի հանձնման արարողությունից օրեր անց, ավելի սառը գլխով կարելի է հասկանալ, թե ինչու՞ էր Լուկա Մոդրիչն արժանի «Ոսկե գնդակ»-ին:

Արժեքն իր թիմերի համար

Հաղթողի հիմնական թեկնածուները 4-ն էին՝ Մոդրիչը, Ռոնալդուն, Մբապեն ու Գրիզմանը: «Ոսկե գնդակ»-ը նվաճելու ամենաէական չափորոշիչներից մեկը ֆուտբոլիստի նշանակությունն ու կարևորությունն է իր թիմի համար: Այս գործոնով Մոդրիչը, միանշանակ, առավելություն ունի մյուս երեք հավակնորդների նկատմամբ:

«Ռեալ»-ի խաղը, որքան էլ տարօրինակ հնչի, ավելի շատ կառուցված էր Մոդրիչի վրա, քան Ռոնալդուի: Այո՛, հատկապես վերջին տարիներին Կրիշտիանուն ամբողջովին վերածվել է կենտրոնական հարձակվողի ու գրոհներ եզրափակողի: Նա գոլային մեքենա դարձավ ու այդ առումով լավագույնն է աշխարհում, սակայն այդ դերը Ռոնալդուին դարձրեց ավելի «թիմից կախված» խաղացող: Իսկ Մոդրիչի ուսերին դրված էր թիմի խաղը կառուցելու, գնդակը վերահսկելու, գրոհներ կազմակերպելու առաքելությունը: Մոդրիչը դա անում էր նույնքան լավ, որքան Կրիշտիանուն խփում էր իր գոլերը: Եվ պորտուգալացին իր բոլոր թիմային ու անհատական մրցանակներին հասել է նաև հենց Մոդրիչի ու նրա խաղի շնորհիվ: Եթե չլիներ հիմքը, չէր լինի գագաթը:

Իսկ հավաքականում Մոդրիչի կարևորությունը շատ ավելի մեծ էր: Խորվաթիան ու Ֆրանսիան բոլորովին տարբեր հարթությունների վրա են գտնվում՝ թե՛ կադրային առումով, թե՛ ներուժի, թե՛ փորձի: Մոդրիչն իր ուսերին մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ հասցրեց մի հավաքականի, որից ոչ ոք նման բան չէր սպասում: Լուկան թիմի ավագն էր ու ընդգծված առաջատարը, և նրա խաղի ազդեցությունը շատ ավելի մեծ էր, քան Մբապեինն ու Գրիզմանինը՝ Ֆրանսիայի համար: Համաձայնե՛ք, որ ԱԱ եզրափակիչ հասնելը շատ ավելի հեշտ է, երբ թիկունքդ պաշտպանում են Ումտիտիի ու Վարանի նման խաղացողները, իսկ դաշտի կենտրոնում գործում է Կանտե-Պոգբա-Մատյուիդի եռյակը: Չնսեմացնելով մյուս խորվաթ ֆուտբոլիստների ներդրումը՝ պետք է նշել, որ Դալիչի թիմին եզրափակիչ հասցրեց Մոդրիչը, ու անգամ պարտությունն այդտեղ ստվեր չի գցում այդպիսի նվաճման վրա: Սա անհատական մրցանակ է:

Տարիների վաստակը

Մոդրիչի համար այս մրցանակը ոչ միայն կարելի է համարել այս տարվա համար, այլ նաև վերջին 3-4 տարվա: «Ռեալ»-ն ունեցավ պատմական ժամանակաշրջան, պատմական թիմ, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում նվաճեց բազմաթիվ գավաթներ ու տիտղոսներ՝ Չեպիոնների լիգա, Լա լիգա, Ուեֆայի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն… ու այդ թիմի «կորիզի» առանցքային դեմքերից մեկը Մոդրիչն էր, ով իր բարձրության վրա մնաց մի քանի տարի:

Առհասարակ, մինչ այս շատերն էին դժգոհում, որ «Ոսկե գնդակ»-ը հանձնում են հաղթող թիմի միայն հարձակվողին կամ գոլ խփող ֆուտբոլիստին: Այս անգամ այն հանձնեցին խաղը համակարգող ֆուտբոլիստին: Վայելե՛ք:

Իսկական մարզիկ

Սա ոչ ֆուտբոլային, սակայն ոչ պակաս կարևոր գործոն է: Մոդրիչն արժանի էր այս մրցանակին նաև իր մարզական կերպարի համար: Այս ժամանակներում, երբ շատ ֆուտբոլային աստղեր իրենց ժամանակն անցկացնում են սոցիալական ցանցերում, երբ շատերն ուզում եմ աչքի ընկնել յուրահատուկ դաջվածքներով ու սանրվածքներով, կա նաև Լուկա Մոդրիչի նման համեստ ու հասարակ մի մարզիկ, ով կենտրոնացած է միայն իր մարզումների ու իր աշխատանքի վրա: Ի տարբերություն Գրիզմանի, ով նշել էր, որ «չի հասկանում՝ էլ ինչ պետք է անի «Ոսկե գնդակ»-ին արժանանալու համար», Մոդրիչի տեսակետն այս հարցում շատ ավելի տղամարդավայել ու համեստ էր եղել. «Եթե նվաճեմ «Ոսկե գնդակ»-ը, ապա կլինեմ ամենաերջանիկն աշխարհում, եթե ոչ՝ ոչինչ չի փոխվի»:

Կրիշտիանու-Մեսսի դիմակայության ավարտն «ազդարարում է» Լուկա Մոդրիչը՝ փոքրամարմին, բայց անսպառ էներգիայով այս կիսապաշտպանը, որին դեռ 2012 թվականին իսպանական «Մարկա»-ն համարում էր մրցաշրջանի վատագույն տրանսֆերը: Ծանր մանկություն ունեցած ու բազմաթիվ փորձություններ հաղթահարած Մոդրիչը, այո՛, արժանիորեն դառնում է «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր, որովհետև, ի վերջո, ոչ թե գնահատվում է PR-ը, այլ տքնաջան աշխատանքը, որովհետև Մոդրիչը խաղում է բոլորից լավ ու ավելի ուժեղ դարձնում իր բոլոր թիմակիցներին, որովհետև առանց Մոդրիչի «Ռեալ»-ն ու Խորվաթիայի հավաքականը բոլորովին այլ թիմեր են, որովհետև, ինչպես պապս է ասում՝ «էս թիմի լոկոմոտիվը Պուդրիչն ա»…

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: