Եվրո 2020. J խումբ. Ո՞ւր է ընկել Հայաստանը

05 Դեկտեմբերի 2018 12:10
Եվրո 2020. J խումբ. Ո՞ւր է ընկել Հայաստանը

Դեռ Ազգերի լիգայից ստացած տպավորությունների տակ գտնվելով՝ արդեն եկավ ու վրա հասավ Եվրո 2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը: Վերջին նախընտրական փուլերում մեր հավաքականին բաժին էին հասնում համեմատաբար հեշտ խմբեր. Եվրո 2016-ի ընտրական փուլում Հայաստանը հայտնվեց այն միակ խմբում, որտեղ ընդգրկված էր 5 թիմ, ու մեր մրցակիցներն անանցանելի չէին: ԱԱ 2018-ի նախընտրական փուլում մեր խումբն այնքան բարենպաստ էր, որ խմբի ուժեղագույն թիմը Լեհաստանի հավաքականն էր: Ազգերի լիգայում էլ, ինչպես թելադրում է այդ մրցաշարի տրամաբանությունը, խաղում էինք մեր «քաշային» հավաքականների հետ: Ցավոք, 3 դեպքում էլ մեր ընտրանին չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել, քանի որ գտնվում էր անկման ու չստացված վերակառուցման փուլում:

Այժմ ունենք վերակառուցման ավելի մեծ հույսեր ու նախադրյալներ, և հենց այդ փուլին ընդառաջ վիճակահանության արդյունքում ստանում ենք շատ ավելի անհարմար խումբ, քան վերջին դեպքերում: Ավելի մանրամասն ծանոթանանք մեր առաջիկա մրցակիցներին, որոնք ուժեղ են ու բարձրակարգ:

Իտալիա

Իտալիայի հավաքականը Եվրո 2016-ից հետո չկարողացավ ոտքի կանգնել: Կոնտեն հեռացավ, իսկ Ջիան Պերո Վենտուրան չկարողացավ «Չելսի»-ի նախկին մարզչի ստեղծած հիմքի վրա մրցունակ թիմ կառուցել: Իտալացիներն անցումային խաղերում պարտվեցին Շվեդիայի ընտրանուն ու դուրս մնացին ԱԱ 2018-ի եզրափակիչ փուլից: Եկավ Ռոբերտո Մանչինին, սակայն նա էլ դեռևս չի կարողանում արդյունք ապահովել. Ազգերի լիգայի իր խմբում Իտալիան իր տեղը զիջեց արդեն Պորտուգալիային:

 

Այդուհանդերձ, Իտալիայում լավատեսորեն են տրամադրված, քանի որ զարգանում է իտալական ֆուտբոլն ու ներքին առաջնությունը, կա նոր ու տաղանդավոր սերունդ, իսկ փորձառու խաղացողներից շատերը դեռ գտնվում են բարձր մակարդակի վրա: Ռոբերտո Մանչինին էլ հրաշալի կերպով ծանոթ է իտալական ֆուտբոլին, և պատրաստվում է վերադարձնել աշխարհի քառակի չեմպիոններին մեծ մրցաշարերի ֆավորիտների շարքին: Ցավոք, այդ վերադարձը լինելու է այս խմբի թիմերի «հաշվին»:

Բոսնիա և Հերցեգովինա

Բոսնիայի հավաքականը նախկին հարավսլավական տարածաշրջանի լավագույն թիմերից է: Նրանց վերջին հաջողությունը եղել է ԱԱ 2014-ի եզրափակիչ փուլին մասնակցելը, որի ընթացքում, սակայն, բոսնիացիները հեռուն գնալ չկարողացան: Այս անգամ Բոսնիան ցանկանում է իր մասնակցությունն ունենալ արդեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Սաֆետ Սուշիչի թիմը բավական մրցունակ է ու իր կազմում ունի Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկին` Միրալեմ Պյանիչին, ինչպես նաև փորձառու հարձակվող Էդին Ջեկոյին:

 

Հայաստանի հավաքականը վերջին անգամ Բոսնիայի ընտրանուն հանդիպել է ԱԱ 2010 թվականի նախընտրական փուլում ու 2 պարտություն կրել. Հայաստանում` 0-2 հաշվով, մրցակցի հարկի տակ` 1-4:

Ֆինլանդիա

Ֆինլանդիայի ընտրանուն դժվար է մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլերում տեսնել, սակայն այս հավաքականին երբեք հեշտ մրցակից չես համարի: Չհասնելով զգալի արդյունքի, ֆինները գրեթե բոլոր մրցակիցների դեմ խաղերում կարողանում են միավորներ խլել ու բարդություններ առաջացնել անգամ ամենաուժեղ թիմերի համար: Այս պահին էլ Ֆինլանդիան գտնվում է բարձունքի վրա, քանի որ Ազգերի լիգայում 5 անընդմեջ հաղթանակների շարքը նրանց թույլ տվեց հաղթող դուրս գալ իրենց խմբում ու Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար երկրորդ ճակատով պայքարել նաև ամռանը` C դիվիզիոնի մյուս խմբերի հաղթողների հետ միասին:

 

Այսպիսով` Հայաստանը Ֆինլանդիա բառի հետ, օղուց բացի, առնչվում է նաև ֆուտբոլում:

Հունաստան

Եվս մեկ հավաքական, որը նույնպես նկատելի անկում է ապրել վերջին տարիներին ու չի կարողանում հաղթահարել նախընտրական փուլերը, և որը ևս իր վերադարձը տեսնում է այս խմբում հաջող հանդես գալու մեջ:

 

Անջելոս Անաստասիադիսի գլխավորած թիմը, հավանաբար, շեշտը կդնի պաշտպանության վրա, որովհետև հույների ուժեղ կողմը հենց պաշտպանությունն է: Կարելի է հենվել Սոկրատիս-Մանոլաս զույգի խաղի վրա, իսկ հարձակման գծում Կոստաս Միտրողլուն ինչ-որ բան կմոգոնի:

Լիխտենշտեյն

Եվ ահա մեզ շատ լավ ծանոթ Լիխտենշտեյնը, որի հետ մեր ուժերը արդեն հասցրել ենք չափել Ազգերի լիգայի շրջանակում: Լիխտենշտեյնի հավաքականը մեր խմբի գաճաճ հավաքականն է, և եթե նրանց հետ խաղերում այս անգամ 6 միավոր չկարողանանք վաստակել, ապա պետք է մոռանալ այս խմբում ինչ-որ բանի հասնելու մեր բոլոր հույսերի մասին:

 

Այսպիսով, վիճակահանությունից հետո տարածված երկու հակաբևեռ կարծիքներն էլ, իրականում, գոյության իրավունք ունեն: Մի կողմից մեր հավաքականը դեռ այն վիճակում չէ, որ մրցակիցներին բաժանի «հարմար-անհարմար» լինելու տեսանկյունից: Այսօր եվրոպական գրեթե բոլոր հավաքականներն էլ խաղալ գիտեն. ջիբթալթարցիներն ու նույն լիխտենշտեյնցիները վկա: Մյուս կողմից, համեմատելով մնացած խմբերի կազմերի հետ ու գնահատելով հավանական մրցակիցների ցանկը, վստահաբար կարելի է պնդել, որ առնվազն պայքարել այս հավաքականների դեմ և՛ հնարավոր է, և՛ պետք է: Իսկ թե ինչ կստացվի արդյունքում, և արդյոք կհաջողվի այս անգամ լուծել մեր՝ մեծ մրցաշարի եզրափակչում հանդես գալու այդքան սպասված խնդիրը, կապրենք՝ կտեսնենք:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: