«Ոսկե գնդակ» - 2018-ին ընդառաջ. կլինի՞ նոր դափնեկիր

01 Դեկտեմբերի 2018 20:06
«Ոսկե գնդակ» - 2018-ին ընդառաջ. կլինի՞ նոր դափնեկիր

Դեկտեմբերի 3-ի երեկոյան Փարիզում հայտնի կդառնա այս տարվա լավագույն ֆուտբոլիստի՝ «Ոսկե գնդակ»-ի հաղթողի անունը: Ուղիղ 10 տարի այդ մրցանակը բաժին է հասել երկու խաղացողի՝ Մեսսիին ու Ռոնալդուին: Կարելի է ասել, որ նրանք իրենց ցուցանիշներով ու խաղամակարդակով, իսկապես, այլ հարթության վրա էին գտնվում վերջին տասնամյակում՝ չնայած, որ ճանապարհին բազում մրցակիցներ են ունեցել «Ոսկե գնդակ»-ի համար մղվող պայքարում: Սակայն այս տարի իրավիճակն ուրիշ է՝ հաշվի առնելով մի քանի կարևոր գործոններ: Փորձենք գնահատել թեկնածուների հաղթելու հնարավորություններն ու հասկանալ այն բոլոր գործոնները, որոնց շնորհիվ մենք ունենք վերջին տարիների ամենաանկանխատեսելի «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը:

Լուկա Մոդրիչ

Եթե կարելի է այս հավասար պայքարում նշել որևէ ֆավորիտի, ապա նա Լուկա Մոդրիչն է: Խորվաթ կիսապաշտպանը ֆանտաստիկ մրցաշրջան ունեցավ՝ հաղթելով Չեմպիոնների լիգան 3-րդ անգամ անընդմեջ ու հասնելով աշխարհի առաջնության եզրափակիչ... Խորվաթիայի հավաքականի հետ՝ մի ընտրանու, որին երբեք աշխարհի առաջնության ֆավորիտների շարքին չես դասի:

«Ռեալ»-ի կիսապաշտպանության կենտրոնում Մոդրիչը եռյակ է կազմում Կրոսի ու Կազեմիրոյի հետ: Բրազիլացին «սև» աշխատանքն է կատարում, Կրոսը գնդակն է վերահսկում, իսկ Մոդրիչն «ազատ նկարիչ է». նա օգնում է բոլորին, հարկ եղած դեպքում սահանկումներով խլում գնդակը, հակագրոհելիս՝ դառնում պաշտպանության ու հարձակման միջև կամուրջը, առջևի գծում էլ հասցնում է «ստեղծագործ» աշխատանք կատարել: Եվ այդ ամենը Մոդրիչն անում է բարձր մակարդակով: Նա մասնակցեց ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի բոլոր հանդիպումներին ու առանցքային նշանակություն ունեցավ ակումբի չեմպիոնության մեջ:

Խորվաթիայի հավաքականում Մոդրիչը շատ ավելի ընդգծված առաջատար է: Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հաջող ելույթները մեծապես պայմանավորված են Մոդրիչ-Ռակիտիչ զույգի հրաշալի խաղով: Լուկան հասցրեց իր թիմին եզրափակիչ ու դարձավ մրցաշարի լավագույն խաղացողը:

Անտուան Գրիզման

2018 թվականին Գրիզմանը «ռևանշի» հասավ 2016 թվականի նկատմամբ. նա հաղթեց եզրափակիչը «Ատլետիկո»-ի հետ, ու հաղթեց եզրափակիչը Ֆրանսիայի հավաքականի հետ: Ճիշտ է՝ երկու դեպքում էլ մրցաշարերը տարբեր էին:

«Ատլետիկո»-ն 2017-18 մրցաշրջանում ՉԼ-ի խմբային փուլը չկարողացավ հաղթահարել ու ելույթները շարունակեց Եվրոպա լիգայում, որն էլ կարողացավ հետո հաղթել: Գրիզմանը մասնակցեց 8 խաղի ու դարձավ 6 գոլի հեղինակ, որոնցից 2-ը՝ եզրափակչում «Մարսել»-ի դարպասին:

Ֆրանսիայի հավաքականում Գրիզմանի դերը խաղադաշտում մի փոքր այլ էր՝ նա ավելի շատ գրոհների կազմակերպիչն էր, խաղում էր թիկունքից ու հաշվենկատ փոխանցումներով նպաստավոր դիրք դուրս բերում Մբապեին, ինչպես նաև իրացնում բոլոր ստանդարտ խաղարկումները: Գրիզմանը եզրափակչում «օգնեց» Մանջուկիչին դառնալ ինքնագոլի հեղինակ, ինչպես նաև հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ ընդհանուր առմամբ մրցաշարում իր ակտիվում գրանցելով 4 գոլ:

Կրիշտիանու Ռոնալդու

Կրիշտիանուն, այնուամենայնիվ, «Ոսկե գնդակ»-ի հաղթողի թեկնածուներից մեկն է: Ռոնալդուն կրկին «Ռեալ»-ի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, բայց Պորտուգալիայի ընտրանու հետ հեռուն գնալ այս անգամ չկարողացավ:

Զիդանի օրոք Կրիշտիանուն, որպես օրինափաչություն, իր լավագույն որակները ցույց էր տալիս մրցաշրջանի երկրորդ հատվածում: Այդպես ստացվեց նաև 2017-18 մրցաշրջանում: 2018 թվականը Ռոնալդուն շատ արդյունավետ սկսեց ու բազմաթիվ գոլեր խփեց: ՉԼ-ի փլեյ-օֆֆում Կրիշտիանուն ևս փայլում էր: Նախ՝ 1/8 եզրափակչում նա 3 անգամ գրավեց ՊՍԺ-ի դարպասը (մեկ գոլ առաջին խաղում, երկուսը՝ պատասխանում), ևս 3 գոլ խփեց «Յուվենթուս»-ին (երկու գոլ Թուրինում, մեկը՝ Մադրիդում), որոնցից մեկն իսկական գլուխգործոց էր՝ լավագույններից մեկն իր կարիերայում: «Բավարիա»-ի ու «Լիվերպուլ»-ի դեմ խաղերում նա չկարողացավ գոլով աչքի ընկնել, բայց նրա՝ խաղադաշտում գտնվելը շատ բան տվեց «Ռեալ»-ին: Գոլային այս մեքենան իր կարիերայի ընթացքում կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի 5-րդ գավաթը: Նույնքան, որքան նվաճել են «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն ու «Լիվերպուլ»-ը:

Մունդիալում Կրիշտիանուի մեկնարկը նույնպես փառահեղ ստացվեց. միանգամից հեթ-տրիկ, այն էլ՝ Իսպանիայի հավաքականի դարպասը: Տուգանային հարվածից նրա խփած գեղեցիկ գոլը փրկեց պորտուգալացիներին պարտությունից: Երկրորդ տուրում Ռոնալդուի խփած միակ գոլն արդեն հաղթանակ պարգևեց Եվրոպայի գործող չեմպիոններին Մարոկոյի հետ դիմակայությունում: Երրորդ տուրում Կրիշտիանուն վրիպեց 11 մետրանոց հարվածից, պորտուգալացիները չկարողացան հաղթել Իրանին, իսկ 1/8-ում արդեն ճանապարհը զիջեցին Ուրուգվայի ընտրանուն:

Կիլիան Մբապե

«Օրենքով» Մբապեն դեռ պետք է իր հասակակիցների հետ պայքարեր Golden boy մրցանակի համար, սակայն այս վիրտուոզն արդեն «Ոսկե գնդակ»-ի հավակնորդներից է: 20 տարին չբոլորած Մբապեն արդեն աշխարհի չեմպիոն է: Լիարժեք չեմպիոն, քանի որ նա լավագույններից էր հավաքականում: Մբապեն ուղղակիորեն դուրս էր մնում Դեշամի մշակած բոլոր մարտավարություններից, նա վազում էր, գոլեր խփում ու հաճույք ստանում իր խաղից: Իր արագություններն ու անցումները կասեցնել հնարավոր էր միայն կանոնների խախտման գնով: Մբապեն կարողացավ գոլ խփել նաև Խորվաթիայի հավաքականի դարպասին երզափակչում ու ավելի արժեքավոր դարձնել իր ոսկե մեդալը: Նվաճում, որի մասին երազում են Կրիշտիանուն ու Մեսսին, և, հավանաբար, այդ երազանքն այդպես անկատար էլ կմնա:

Ակումբում Մբապեի համար 2017-18 մրցաշրջանն անցումային ստացվեց: ՊՍԺ-ում իր առաջին մրցաշրջանում Մբապեն չդադարեց զարգանալ որպես ֆուտբոլիստ: Նա դարձավ 21 գոլի հեղինակ, հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում, սակայն Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ն դուրս մնաց 1/8 եզչափալչից՝ պարտվելով «Ռեալ»-ին: 2018-19 մրցաշրջանը Մբապեն շատ ավելի ուժեղ է սկսել ու արդեն հասցրել է 14 խաղում խփել 13 գոլ:

Ֆրանսիացի երկրպագուներն ու մասնագետները ցանկանում են Մբապեին տեսնել իր ծննդավայրում՝ «Ոսկե գնդակ»-ը ձեռքին, սակայն եթե դա տեղի չունենա այս տարի, ապա, վստահաբար, մոտ ապագայում Մբապեն ի վերջո կնվաճի բաղձալի մրցանակը:

Դե ինչ, տեսնենք, թե այս տարի կկարողանա՞ Կրիշտիանուն նվաճել իր 6-րդ «Ոսկե գնդակ»-ն ու առաջ անցնել Մեսսիից, թե՞ մրցանակը կունենա նոր դափնեկիր:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: