Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը շատերի կարծիքով որակական աճ է գրանցել նախորդ տարիների համեմատ: Այս մասին բարձրաձայնում են թե՛ մասնագետները, թե՛ լրագրողներն ու երկրպագուները: Գաղտնիք չէ, որ այդ աճը հիմնականում պայմանավորված է ակումբների կազմում ընդգրկված ֆուտբոլիստների որակական հատկանիշներով: Ու հենց ակումբների՝ ավելի լավ կադրեր հրավիրելու մրցակցությունն է, որ սկսել է մեզ մոտ էլ իր դրական ազդեցությունն ունենալ:
Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը համարվում է նրա մասնագիտական որակների հստակ ցուցիչ: Հաշվի առնելով այս փաստը՝ փորձենք վերլուծել մեր առաջնությունում ստեղծված իրավիճակն ու վերոհիշյալ գնահատականների հիմնավորությունը: Տեղեկություններ քաղելու համար ընտրել ենք հանրահայտ Transfermarkt.co.uk կայքը, որը համարվում է «ֆուտբոլային շուկայի» ամենաճանաչված ու վստահելի աղբյուրը:
Հենց սկզբից նշենք նաև, որ բոլոր տվյալները բերված են ս.թ. նոյեմբերի 15-ի դրությամբ, նախորդ տարիների հետ համեմատական անցկացնելիս էլ վերցվել են այդ տարվա՝ հենց նոյեմբերի 15-ի տվյալները: Բոլոր գները բերված են ֆունտ ստերլինգով, միջազգային շուկայում այսօրվա փոխարժեքով 1 ֆուտն ստերլինգի դիմաց առաջարկվում է 1.28 ԱՄՆ դոլար:
Բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեք
Նախ փորձենք հասկանալ, թե ինչպես է փոխվել առաջնության մասնակից թիմերի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը վերջին 5 մրցաշրջանում:
Այս ցուցանիշով ընթացիկ առաջնության շեշտակի առավելությունը նախորդների համեմատ, իհարկե, կապված է մասնակից թիմերի քանակի ավելացմամբ (9` նախորդ տարիների 6-ի և 8-ի փոխարեն): Սակայն եթե հանենք «Արարատ-Արմենիա»-ի, «Արցախ»-ի և «Լոռի»-ի խաղացողների տրանսֆերային արժեքները, գումարը կազմի 18.4 մլն ֆունտ ստերլինգ, ինչը ևս ավելին է, քան նախորդ 4 մրցաշրջանը: Սա գալիս է փաստելու, որ առողջ մրցակցությունը նախորդ առաջնությունների մասնակիցներին ևս ստիպել է ավելի ուշադիր ու արդյունավետ տրանսֆերային քաղաքականություն վարել, ինչու չէ՝ նաև մի քիչ ավելի մեծ բացել «քսակները»:
Մասնակից թիմերի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեք
Հետաքրքիր պատկեր է ստացվում նաև այս առաջնության մասնակից թիմերից յուրաքանչյուրի գումարային տրանսֆերային արժեքներն ուսումնասիրելիս: Ըստ աղբյուրի, «մասնագիտական կապիտալ»-ի առումով ամենաթանկ ակումբն «Արարատ-Արմենիա»-ն է (5.65 մլն ֆունտ ստերլինգ), որին հաջորդում են «Փյունիկ»-ը (4.77 մլն) և «Ալաշկերտ»-ը (4.50 մլն): Մնացած ակումբները որոշակի խզվածությամբ հետ են մնում նշված եռյակից:
Եթե գնահատելու լինենք յուրաքանչյուր ակումբի բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի հարաբերությունը խաղադաշտում գրանցած արդյունքների հետ, ապա ամենամեծ ՕԳԳ-ն ունի «Լոռի»-ն: Վանաձորի թիմը, այս ցուցանիշով գերազանցելով միայն «Արարատ»-ին, աղյուսակի վերնամասում տեղ զբաղեցնելու համար հավասար պայքար է մղում ցուցանիշի առաջատարների հետ:
Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները
Դիտարկենք նաև, թե ինչ թվային ցուցանիշեր է ներկայացնում կայքն առանձին ֆուտբոլիստների առումով: Ցավոք, կոնկրետ մրցաշարի կտրվածքով աղբյուրը հնարավորություն չի տալիս առավելագույն տրանսֆերային արժեքները դիտարկել նախորդ մրցաշրջանների համար: Ուստի այս մասով համեմատության եզրեր չկան:
Այս պահի դրությամբ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության՝ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստները 6-ն են: Նրանցից յուրաքանչյուրի հավանական տեղափոխության արժեքը հանրահայտ կայքը գնահատել է 360 հազ. ֆունտ ստերլինգով:
Հատկանշական է, որ նշված վեցնյակից 5-ը հանդես է գալիս «Արարատ-Արմենիա»-ի կազմում, և միայն Մաքսիմ Ժեստոկովն է ներկայացնում «Փյունիկ»-ը: Ցանկի միակ հայ ֆուտբոլիստը Գոռ Մալաքյանն է, ումից բացի 3 հոգի ներկայացնում է Ռուսաստանը, մեկական ներկայացուցիչ ունեն Մակեդոնիան ու Կոլումբիան:
Եթե դիտարկենք միայն հայ ֆուտբոլիստներին, ապա Գոռ Մալաքյանն այս պահին տրանսֆերային արժեքի առումով մրցակցությունից դուրս է: Նրան հաջորդում է միանգամից 6 ֆուտբոլիստ, ում հավանական տեղափոխությունը գնահատվում է 270 հազ. ֆունտ ստերլինգով:
Այս ցանկում արդեն ներկայացուցչական առումով առաջատարն «Ալաշկերտ»-ն է՝ 4 ֆուտբոլիստով, որին հաջորդում են «Արարատ-Արմենիա»-ն (2) և «Փյունիկ»-ը (1):
Ամփոփում
Ընհանրացնելով՝ կարող ենք հանգել եզրակացության, որ գործող ֆուտբոլիստների՝ ֆինանսական ցուցիչի վերլուծությամբ Հայաստանի ընթացիկ առաջնությունն, անկասկած, առաջադիմել է: Եթե ակումբները շարունակեն ընտրված տրանսֆերային քաղաքականությունը և թիմերի կոմպլեկտավորման վրա պատշաճ ուշադրություն դարձնեն, իհարկե՝ նաև ներդնելով որոշակի գումարներ, առաջիկայում կունենանք էլ ավելի հետաքրքիր մրցապայքար, որն էլ, իր հերթին, կխթանի մնացած ֆուտբոլային բաղադրիչների զարգացումը:
Ս.Բ.