ՊՍԺ - «Լիվերպուլ». արաբական փողերն ընդդեմ հարուստ պատմության

28 Նոյեմբերի 2018 18:41
ՊՍԺ - «Լիվերպուլ». արաբական փողերն ընդդեմ հարուստ պատմության

Այսօրվա, ես կասեի՝ այս ամբողջ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Փարիզում՝ ՊՍԺ-ի ու «Լիվերպուլ»-ի միջև: Այս դիմակայության առաջին փուլը ֆանտաստիկ ստացվեց՝ գոլառատ ու հետաքրքիր, և վստահ կարելի է ասել, որ այսօրվա հանդիպումը լինելու է դրա շարունակությունը: C խմբում իրավիճակն այնքան խելահեղ է, որ բոլոր թիմերը տեսականորեն հնարավորություն ունեն խմբից դուրս գալու: Ոչ ոք միավոր կորցնելու իրավունք չունի: Սակայն այս ակումբներն իրենց կառուցվացքով, պատմությամբ ու ձեռագրով շատ են տարբերվում իրարից, և տարբեր կերպ են մոտենում այս խաղին:

Ի՞նչ է խաղարկվում ՊՍԺ-ի համար

ՊՍԺ-ի համար այս հանդիպումը ճակատագրական նշանակություն ունի: Ամեն ինչ այնպես դասավորվեց, որ փարիզցիների համար «Լիվերպուլ»-ի դեմ պատասխան հանդիպումը դառնում է մրցաշրջանի կարևորագույն խաղը, քանի որ պարտվելու դեպքում Նասեր Ալ-Խելաիֆիի թիմը դուրս կմնա ՉԼ-ի արդեն խմբային փուլից, քանի որ «Նապոլի»-ի հաղթանակի դեպքում (որն ավելի, քան հավանական է), այլևս ոչինչ չի փրկի փարիզյան ակումբին. հավասար միավորներ ունենալու դեպքում էլ նրանք կզիջեն իտալական ակումբին միմյանց միջև բացասական բալանս ունենալու պատճառով, անգամ եթե 100 գնդակի առավելությամբ հաղթեն «Ցրվենա Զվեզդա»-ին: Իսկ դա ի՞նչ կնշանակի: Դա կգերազանցի ՊՍԺ-ի՝ մինչև հիմա գրանցած բոլոր ձախողումներին, քանի որ այսպիսի կազմով, այսպիսի ներդրումներով ու հավակնություններով ակումբն իրեն չի կարող թույլ տալ դուրս մնալ ՉԼ-ի խմբային փուլից: Արդեն հիմա ներքին ասպարեզում բոլոր գավաթների նվաճումը գրեթե ապահոված լինելով՝ ՊՍԺ-ն «Լիվերպուլ»-ին պարտվելով ուղղակի կսպանի մրցաշրջանի մնացած հատվածի ամբողջ ինտրգը: Ընդամենը նոյեմբեր ամսին:

Ի՞նչ է խաղարկվում «Լիվերպուլ»-ի համար

«Լիվերպուլ»-ն այս խմբի առաջատարն է՝ նվազագույն առավելություն ունենալով «Նապոլի»-ի ու ՊՍԺ-ի նկատմամբ: 4 խաղից երկուսում հաղթել է, իսկ մյուս երկուսում՝ պարտվել: Անսպասելի էր հատկապես «Ցրվենա Զվեզդա»-ից կրած պարտությունը, որն էլ «Լիվերպուլ»-ին հարկադրում է զգոն մնալ ու պայքարել առաջին տեղը պահպանելու համար, թեպետ հաջորդ փուլի խնդիրն էլ անգլիական ակումբի համար ամենևին էլ ապահոված չէ: Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլն» ամբողջովին միտված է չեմպիոնության համար մղվող պայքարին, ու այսօր հաջող արդյունքի դեպքում այս մրցաշրջանի լավագույն թիմերից մեկը լիարժեքորեն կշարունակի պայքարն արդեն երկրորդ ճակատով:

Ի՞նչ սպասել այսօրվա խաղից

Առաջին տուրում այս թիմերի միջև «Էնֆիլդ»-ում կայացած հանդիպման պատկերը հստակ էր՝ «Լիվերպուլ»-ը խաղային մեծ առավելություն ուներ: Չնայած՝ խաղի սցենարը զարգացավ ինտրիգային կերպով, ու «Լիվերպուլ»-ը կարողացավ հաղթանակը կորզել միայն վերջին րոպեին, այնուամենայնիվ, այդ հաշիվն ու սցենարը չէին արտացոլում խաղի իրական պատկերը: Կլոպը, որ ամբողջությամբ ընկղմվել է լիվերպուլյան խաղային փիլիսոփայության ու ոգու մեջ, խաղադաշտ էր դուրս բերել մի թիմի, որը մեկ գլուխ բարձր էր ֆրանսիական գրանդից՝ նրան հոգեբանորեն ու տակտիկապես «ուտելով»: Այսօր ՊՍԺ-ն այդքան իներտ խաղալ ուղղակի չի կարող, քանի որ «Լիվերպուլ»-ն իր բարձր ճնշմամբ կրկին կպատժի: Որպես դաշտի տեր՝ փարիզցիները պետք է խաղան առաջին համարով, գրոհեն առաջին իսկ րոպեից ու փորձեն իրենց ձեռքը վերցնել խաղի թելադրանքը. չէ՞ որ նրանց շատ ավելի է անհրաժեշտ այդ 3 միավորը: Առավել ևս՝ վերադարձել են Նեյմարն ու Մբապեն: Կլոպն էլ կարող է տեղավորվել այդպիսի դրության մեջ: Պաշտպանության գծում հիմնվելով Վան Դիյկի պես հսկայի խաղի վրա, գերմանացի մասնագետը կարող է գտնել պահն և օգտագործել իր գերարագ եզրային պաշտպաններին ու հարձակվողներին:

Տեսնենք, թե վիճակահանության «թեթև ձեռքով» միմյանց դեմ դուրս եկած այս երկու հակադիր ակումբների պայքարի վերջում ինչ կստացվի: Ամբողջովին փողի ու միլիոնավոր ներդրումների վրա կառուցված թիմը կկարողանա՞ վերջապես հաղթել թոփ խաղում, թե՞ «Լիվերպուլ»-ի պատմությունից եկած հարուստ փորձն ու անգլիական ֆուտբոլի ավանդույթը հաղթող դուրս կգա: Այս ամենի պատասխանը կիմանանք այսօր մեկնարկող ՉԼ-ի հիասքանչ երեկոյի ժամանակ, երբ մութ երկնքի տակ լույսերը սփռվեն շքեղ «Պարկ դե Պրենսի» խոտածածկին:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: