Եվրոպական ֆուտբոլի հեղափոխական փոփոխությունները

26 Նոյեմբերի 2018 10:25
Եվրոպական ֆուտբոլի հեղափոխական փոփոխությունները

Ահա և ավարտվեց ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարն ու վերադարձավ ակումբային ֆուտբոլը: Ավարտված weekend-ում եվրոպական առաջնություններում կայացան հերթական տուրի խաղերից գրեթե բոլորը: Հիմա էլ մոտենում ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրին:

Մրցաշրջանը, որ շատ մոտ է հատելու հասարակածը, արդեն թույլ է տալիս նայել արդյունքներին, հետևություններ անել ու վերլուծել: 2018/19 մրցաշրջանը կարելի է հեղափոխական համարել եվրոպական ակումբային ֆուտբոլում: Կարծես՝ ավարտվել է մի ամբողջ ժամանակաշրջան ու փոխվել է խճանկարը, ակումբների դասավորվածությունը և ուղին, որոնցով ընթանում է նրանցից յուրաքանչյուրը: Ո՞ր ակումբներն են հզորացել/հզորանում, ո՞րոնք են իրենց տեղը զիջում մյուսներին, ի՞նչ հեռանկարներ ունեն ազգային ու միջազգային մրցաշարերը: Գնացի՜նք:

ՉԼ-ն ունի այլ ֆավորիտներ

Եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում արդեն իսկ զգալիորեն նկատելի են ակումբների վերադասավորումները: Վերջին տասնամյակում այս մրցաշարի գլխավոր ֆավորիտներն ու նվազագույնը կիսաեզրափակչի սահմանը հատող ակումբները հանդիսանում էին «Ռեալ»-ը, «Բավարիա»-ն, «Բարսենոլա»-ն... Սակայն այս մրցաշրջանում այս թիմերի պատկերը փոխվել է: Առաջին երկուսինը՝ շատ ավելի կտրուկ: «Ռեալ»-ը, որ ՉԼ-ի վերջին 8 մրցաշարում հասել է մինչև կիսաեզրափակիչ ու որոնցից 4 դեպքում դուրս եկել եզրափակիչ և նվաճել գավաթը (վերջին երեքն՝ անընդմեջ), այս անգամ, թվում է, որ անգամ լավագույն քառյակ չի կարողանալու մտնել: Իսպանական գրանդը ոչ մի կերպ չի կարողանում մարսել Զիդանի ու Կրիշտիանուի կորուստները: «Բավարիա»-ն նույնպես զիջել է իր դիրքերը: Մյունխենյան ակումբն այլևս չի ներշնչում այն ահն ու սարսափը, որ զգում էին մրցակիցներն անգամ «Բավարիա» բառը լսելիս: Գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հեռացման եզրին է:

Փոխարենն այլ խաղամակարդակի են բարձրացել «Յուվենթուս»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Լիվերպուլ»-ը: Մարզական առումով մեծ առաջընթաց գրանցած իտալական գրանդն ամռանը գնեց Կրիշտիանուի տրանսֆերը՝ ևս մեկ մեծ թռիչք կատարելով դեպի իր վերջին տարիների երազանքը՝ ՉԼ-ի նվաճումը: Գվարդիոլայի «Սիթի»-ն էլ Պրեմիեր լիգայում հաղթանակից հետո այս մրցաշրջանում ամեն ինչ անելու է արդեն եվրոպական ասպարեզում հաջողության հասնելու համար: Դե իսկ Կլոպի թիմն էլ նախորդ պարտված եզրափակչից հետո ավելի է հզորացել, փակել այն բոլոր դիրքերը, որտեղ թիմը կաղում էր նախորդ մրցաշրջանում ու գրանցելով ավելի կայուն արդյունքներ՝ պատրաստ է նոր մոտեցում կատարել «մեծականջ» գավաթը նվաճելու համար:

Իտալական ֆուտբոլի վերադարձը

Իտալական ֆուտբոլը 2010 թվականին խոր ու երկարատև հանգստի գնաց ու վերադարձավ... 2018-ին: Այո՛, իտալական ակումբային ֆուտբոլը մեծ ճգնաժամից հետո ամբողջապես վերադառնում է: «Յուվենթուս»-ը, որին դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք մեր կայքում, արժանի մրցակից է դարձել Եվրոպայի ամենաուժեղ գրանդներին, «Նապոլի»-ն չի դադարեցնում իր աճը՝ որպես ակումբ, ու Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հեռանկարները բավական խոստումնալից են: «Ինտեր»-ը 7 տարվա դադարից հետո վերադարձել է Չեմպիոնների լիգա, ու դեռ խոստանում է կատաղի պայքար առաջադրել Իտալիայում «Յուվե»-ին, «Ռոմա»-ն բեկումնային քայլ կատարեց՝ հրավիրելով Մոնչիի պես մասնագետի, ում շնորհիվ էլ Եվրոպայի ամենատաղանդավոր խաղացողներից ոմանք այսօր հանդես են գալիս Հռոմում: «Միլան»-ն էլ մի քանի անհաջող փորձերից հետո, կարծես, ուզում է վերակենդանանալ: Այնպես որ՝ իտալական ակումբները ուժեղ են լինելու ՉԼ-ում, իսկ Ա սերիան դառնալու է շատ ավելի մրցունակ ու դիտարժան առաջնություն:

ՍՊԼ-ն նույնպես իր լավագույն ժամանակներն է «հիշել»

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ճգնաժամը, իհարկե, չի կարելի համեմատել իտալականի հետ, սակայն բրիտանական ֆուտբոլի անկումն էլ ակնառու էր: Բայց այս դեպքում փողն առանցքային նշանակություն ունեցավ: Բոլոր ակումբների կողմից «մառախլապատ ալբիոն»-ը համալրեցին աշխարհի լավագույն մարզիչներն ու ֆուտբոլիստները: Գվարդիոլա, Կլոպ, Մոուրինյո, Սարի... Այս ամենը ենթակառուցվացքային փոփոխության ենթարկեց Անգլիայի առաջնությունը, որը վերադարձրեց մրցաշարի նախկին փայլն ու վարկանիշը: Արդեն տեսանելի է անգլիական ակումբների հավանական հաջողությունը միջազգային ասպարեզում, հատկապես՝ իսպանական ակումբների նկատմամբ, քանի որ վերջին 5 տարիներին, վստահաբար, Եվրոպայում գերիշխում էին իսպանական թիմերը, իսկ լավագույն առաջնությունն արդեն համարվում էր Լա լիգան:

Ռոնալդու-Մեսի ժամանակաշրջանի ավարտը

Գերմարդկային տաղանդով օժտված այս երկու այլմոլորակայինները շարունակում են պահել իրենց բարձր խաղամակարդակը, բայց նրանց բացարձակ գերիշխանությունը ֆուտբոլում, կարծես թե, ավարտվում է: Շուտով պարզ կդառնա 2018 թվականի «Ոսկե գնդակ»-ի հաղթողի անունը: Բացի Մեսսից ու Ռոնալդուից, շատ ու շատ այլ աստղեր ևս հավակնում են այդ մրցանակին, և այս տարի հաղթողի մասին կարծիքները շատ տարբեր են. չկա գլխավոր ֆավորիտ ու հաղթողի անունը հայտնի կդառնա հենց «Ոսկե գնդակ»-ի հանձնման օրը: Համաձայնե՛ք, որ վերջին 10 տարիների համար սա անսովոր երևույթ է:

Ահա այսպիսի և այլ մի շարք փոփոխություններ մենք կարող ենք տեսնել այս մրցաշրջանում: Հայտնվում են ակումբներ, որոնք ձեռնոց են նետում «գահակալած» գրանդներին, հայտնվում են երիտասարդ տաղանդներ, ովքեր եկել են նվաճելու անվանի ու փորձառու աստղերի տեղը: Միայն Հայաստանում չէ, որ հեղափոխություն տեղի ունեցավ:

Իշխան Մելքոնյան


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: