Լիխտենշտեյն-Հայաստան. Հրաժեշտ Ազգերի լիգային՝ նոր շանսերի հույսով

20 Նոյեմբերի 2018 11:03
Լիխտենշտեյն-Հայաստան. Հրաժեշտ Ազգերի լիգային՝ նոր շանսերի հույսով

Ահա և վերջ: Ավարտվեց Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը և առհասարակ, Ազգերի լիգան Հայաստանի հավաքականի համար: Պայքարը շարունակելու մեր հույսերն, իհարկե, այս խաղից առաջ էլ շատ մոտ էին 0-ին, սակայն անգամ զուգահեռաբար տեղի ունեցող խաղում հավանական հրաշքը մեզ չէր փրկի, քանի որ հերթական անգամ մենք չհաղթեցինք այն խաղում, որում պարտավոր էինք հաղթել:

Անկախ ամեն ինչից, ցրտաշունչ Վադուցում կայացող հանդիպումը շատ հաջող սկսեց մեր ընտրանու համար: Ձախ եզրից Դաղբաշյանի` բարձրից փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով հավաքականում իր առաջին գոլը խփեց Սարգիս Ադամյանը: Այդ գոլից հետո մերոնք շարունակեցին մնալ դրության տերը, գրոհներ կազմակերպել, խաղն իրենց ձեռքում պահել, սակայն ավելի ցածր տեմպով ու արագություններով: Երբ թվում էր, որ թիմերը Հայաստանի նվազագույն առավելությամբ կգնան ընդմիջման, Լիխտենշտեյնի եզակի գրոհներից մեկում Մարսել Բուխելը հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց մեր դարպասը: Դարպասապահ Հենրի Ավագյանը ոչինչ անել չէր կարող:

Երկրորդ խաղակեսն էլ սկսվեց այնպես, ինչպես ավարտվեց առաջինը՝ Լիխտենշտեյնի գոլով: Այս անգամ այդ գոլը լիխտենշտեյններին նվիրեցինք մենք: Հարոյանի անհաշվենկատ՝ հետ կատարած փոխանցումից հետո դաշտի տերերի հարձակվող Նիկոլաս Հասլերը մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց ու սառնասրտորեն գրավեց դարպասը: Դա վերջին սուր գործողությունն էր մեր մրցակցի կողմից, որ հիշվում է այս խաղում: Այդ պահից հետո Հայաստանը կամաց-կամաց կրկին իր ձեռքը վերցրեց խաղը:

Ընդհանրապես, այս խաղում աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Մեր առաջատարը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ կատարելով հաջող անցումներ, նրբանկատ փոխանցումներ, հարվածներ: Թիմը եզրերով ռմբակոծում էր Լիխտենշտեյնի տուգանային հրապարակն ու դրա մատույցները, անընդհատ հետևում էին բարձրից փոխանցումներ: Սակայն ճնշումը հատկապես մեծացավ 70-րդ րոպեից սկսած, երբ վերջապես տեղի ունեցավ առաջին փոփոխությունը՝ Ռումյան Հովսեփյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ալեքսանդր Կարապետյանը: Ու հենց մեր «վիկինգն» էլ խփեց թիմի 2-րդ գնդակը՝ կրկին գլխի հարվածով: Պահեր ու գոլ խփելու հնարավորություններ ևս եղան: Հարոյանը նպաստավոր դիրքից վրիպեց ու չկարողացավ ուղղել իր սխալը: Ալիկ Առաքելյանի փոփոխությունն էլ չափազանց ուշացած էր ու արդեն անիմաստ:

Ի վերջո՝ խաղն այդպես էլ ավարտվեց: Չի կարելի ասել, որ սա այն հաշիվն էր, որն արտացոլում էր հանդիպման ընթացքը: Ամբողջ խաղի ընթացքում Հայաստանը, չնայած խաղային խոտանին, իր ձեռքում պահեց առավելությունը, Լիխտենշտեյնի խփած գոլերն էլ դուրս էին խաղի տրամաբանությունից՝ մեկը հեռահար հարվածով, մյուսը՝ մեր իսկ նվերի շնորհիվ: Այդուհանդերձ, Գյուլբուդաղյանցի սաները չկարողացան նյութականի վերածել այդ առավելությունն ու կորզել հաղթանակը: Շտկելու շատ բան կա:

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը ավարտեց իր ելույթներն Ազգերի լիգայի այս խաղարկությունում, որում չհաջողվեց դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ ու բարձրանալ C դիվիզիոն: Ազգերի լիգան ալտերնատիվ հիանալի տարբերակ էր միջազգային խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար, սակայն այս «կիսամրցաշարը», ցավոք, տեղի չունեցավ մեզ համար հարմար փուլում՝ փուլ, որում Հայաստանը պետք է վերադասավորվի, ամեն ինչ սկսի զրոյից՝ նոր ֆեդերացիայով, նոր մարզչով, նոր գաղափարներով ու խաղացողներով: Հուսանք, որ առաջիկա ընտրական փուլերում մենք գոնե կհաղթենք այն խաղերում, որում պետք է հաղթենք, և «կզարմացնենք» մեզանից կարգով ավելի բարձր հավաքականներին: Թռիչքն այդպես է լինում:

Իշխան Մելքոնյան

Լուսանկարները՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: