Ջիբրալթար-Հայաստան. Ուշացած, բայց արժանի պատասխան Ջիբրալթարին

17 Նոյեմբերի 2018 10:20
Ջիբրալթար-Հայաստան. Ուշացած, բայց արժանի պատասխան Ջիբրալթարին

Այո՛, Հայաստանի հավաքականը, բնականաբար, ապացուցեց, որ Երևանում Ջիբրալթարից կրած պարտությունը ցավալի պատահականություն էր միայն, բայց սա, մեզ պատմականորեն բնորոշ կերպով, ավելի շատ բարոյական հաղթանակ էր, քան մարզական առումով վճռորոշ, քանի որ մենք ընդամենը 3 միավորով փոխանակվեցինք կիսապրոֆեսիոնալ ընտրանու հետ:

Հաղթանակ՝ բարձր կարգի հաշվին

Առանց տակտիկական լուրջ լուծումների ու մարտավարական մրցակցության այս խաղը Հայաստանի հավաքականի համար շատ բարդ մեկնարկ ունեցավ: Արդեն խաղասկզբին բաց թողած գոլը հերթական ապտակն էր մեր ընտրանուն «գաճաճ» հավաքականից: Մեր ֆուտբոլիստներն էլ տևական ժամանակ չէին կարողանում մտնել խաղի մեջ՝ չհարմարմվելով արհեստական խոտածածկին ու չզգալով գնդակը: Խաղային մեծ խոտանի պայմաններում Գևորգ Ղազարյանն ու Սարգիս Ադամյանն անընդհատ փոխվում էին դիրքերով, բարձրից փոխանցումներ էին կատարում, և ի վերջո Յուրա Մովսիսյանին հաջողվեց գտնել իր պահն ու հավասարեցնել խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսն արդեն այլ պատմություն էր: Հայաստանի հավաքականն ավելի հավաքված դուրս եկավ խաղադաշտ ու շատ կարճ ժամանակահատվածում լուծեց այս խաղում բոլոր հարցերը: Յուրա Մովսիսյանը միացրեց շարժիչը: Նախ՝ եզրափակեց եռաքայլ գեղեցիկ ու արագ կոմբինացիան, ապա երկու անգամ ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում՝ դառնալով Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին պոկեր գրանցած ֆուտբոլիստը: Ավելի ուշ արդեն հակասական նորամուտի խաղում իր առաջին գոլը խփեց Արթուր Քարտաշյանը: Րոպեներ անց հենց նրա հետ պայքարում Ջիբրալթարի հարձակվողը հաղթող դուրս եկավ ու ևս մեկ գոլ կորզեց՝ կրկին մեր «հաշվին» երջանկացնելով երկրպագուներին: Խաղավերջում արդեն իր շանսն օգտագործեց մեր հավաքականի «Տորմունդը»՝ Ալեքսանդր Կարապետյանը:

«Բայց քո գնացքն արդեն մեկնել է...»

Մովսիսյանի ամեն գոլից հետո մտքումս Հախվերդյանի հայտնի երգի այս հատվածն էր գալիս, երբ գիտակցում էի, որ այդ գոլերը, մեծ հաշվով, ոչինչ չեն տալիս հավաքականին, քանի դեռ զուգահեռաբար Մակեդոնիան հանգիստ իր խնդիրներն է լուծում Լիխտեյնշտեյնում: Այո, հավաքականի գնացքը մեկնեց, որից, հավանաբար, կես քայլ ուշացավ, քանի որ Ջիբրալթարից կրած առաջին պարտության ամենադաժան պատիժը հենց կորսված այդ 3 միավորներն էին, որ հիմա մեզ կպարգևեին հաջորդ փուլի ուղեգիր: Սա էլ արդեն որերորդ դեպքն է, երբ բարենպաստ խումբ է մեզ բաժին հասնում, ունենք այդտեղից դուրս գալու ներուժը, սակայն անխտիր բոլոր խաղերին լավագույն կերպով չտրամադրվելու պատճառով կես քայլ չի բավարարում պատմական թռիչքին: Ազգերի լիգան ևս լավ շանս էր, որը, ցավոք, ևս կորած է թվում, քանի որ Ջիբրալթարի հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ հեքիաթի ժանրից է:

Այնուամենայնիվ, Ազգերի լիգայի այս փոքրիկ էտապը, հատկապես՝ հավաքականում «հեղափոխությունից» հետո, շատ բան ցույց տվեց ու մերկացրեց: Պարզ դարձավ, որ սերնդափոխության ճանապարհին գտնվող այս թիմն էլ ի զորու էր խնդիր լուծել, որ այդ սերնդափոխությունն այդքան էլ կտրուկ ու ցավոտ կարող էր չլինել, ինչպես վերջին խայտառակ ընտրական փուլերը, որ Յուրա Մովսիսյանին չհրավիրելը մեր հավաքականի համար չափազանց մեծ ճոխություն է: Ուստի՝ հավատով սպասենք արդեն Եվրո 2020 թվականի ընտրական փուլին, հուսանք, որ այս նոր կերտվող հավաքականում իրենց լավ կդրսևորեն փորձառուներն, ու միաժամանակ կփայլեն նոր երիտասարդները, և մենք վերջապես կկարողանանք հասնել բաղձալի արդյունքին ու հայտնվել մրցաշարի եզրափակիչ փուլում:

Իշխան Մելքոնյան

Լուսանկարները՝ ՀՖՖ ֆեյսբուքյան էջի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: