Հայաստան - Մակեդոնիա. հաղթանակը տեր ունի, մի՛ փորձեք «սեփականաշնորհել» այն

17 Հոկտեմբերի 2018 12:48
Հայաստան - Մակեդոնիա. հաղթանակը տեր ունի, մի՛ փորձեք «սեփականաշնորհել» այն

Հաղթանակը 1000 հայր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի այս խոսքերն ավելի քան արդիական են այսօր՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի չափազանց կարևոր հաղթանակից հետո: Մրցավարի եզրափակիչ սուլիչից մինչ այս պահը հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ ոչ միայն իրապես վայելում են այդ հաղթանակի բերկրանքը, այլ շատերը չեն խորշում իրենց անմիջական մասնակցությունը շեշտել այս իրադարձության հետ կապված: Սակայն, ինչպես հաճախ է լինում, ընդմենը 3 օր հետ թերթելով սոց. ցանցերի մեր լրահոսը՝ բոլորովին այլ պատկեր կտեսնենք:

«Գաճաճներից» կրած պարտությունից ապրած աննարագրելի ողբերգությունն է, թերևս, պատճառն ու հիմնավորումը, թե ինչու է «հանկարծ» մեր հասարակության՝ սեփական անձի շուրջ աշխարհը կառուցողների ստվար զանգվածը մի պահ պատկերացրել, որ, այո՛, հենց ի՛նքն է կերտել այս հաղթանակը, հենց ի՛ր հիմնավորված գործողությունների շնորհիվ է փոխվել ամեն ինչ ու հենց ի՛ր «մատ թափ տալուց հետո» ամեն ինչ իր տեղն ընկավ: Երկրպագուները, լրագրողները, ֆեդերացիայի աշխատակիցները, քաղաքական ղեկավարությունը կարող են ամեն ինչ իրենց վերագրել: Բայց...

Սա տղաների հաղթանակն էր: Ուրիշ ոչ մեկինը: Ո՛չ սելֆի անող լրագրողներինը, ովքեր նախորդ խաղից հետո շտապեցին հուսահատ տեքստերով հեղեղել ցանցը, ո՛չ «հաթաթա» տվող ֆաներինը, ովքեր «պատասխան» էին պահանջում ֆուտբոլիստներից ու քննարկում խաղին չգնալու կամ մեջքով կանգնելու բոյկոտի տարբերակները, ո՛չ ֆեդերացիայինը, որի ղեկավարը փաստացի հայտարարեց, որ այս տղաներն այլևս «բանի պետք չեն» ու տարիներ անց միայն հաղթանակի սպասենք: Սա, իրոք, այն տղաների հաղթանակն էր, ովքեր, որքան էլ որոշների գլխներում չտեղավորվի, ևս մարդ են, ավելին՝ պրոֆեսիոնալ են, ընտրած մասնագիտության բերումով ֆուտբոլի վերաբերյալ ունեն մեզանից մի քիչ տարբերվող մոտեցումներ, ունեն արժանապատվություն, ունեն հույզեր ու թեկուզ միայն սեփական ընտանիքի ու Հայրենիքի նկատմամբ՝ մեծ պատասխանատվության զգացում:

Սա Արամ Հայրապետյանի հաղթանակն էր, ով ապացուցելով դարպասապահների՝ մի քիչ «խենթ» լինելու տարածված վարկածը, քիչ էր մնում տեղահան աներ դարպասաձողը: Սա Գագիկ Դաղբաշյանի հաղթանակն էր, ում կերպարով, կարծես, խաղադաշտ էր դուրս եկել Մարսելոն ու ցանկություն կար բղավելու՝ Գագ ջա՞ն, էս դու ե՞ս... Սա Մարկոսի հաղթանակն էր, ում՝ ՀՀ օրհներգը երգելիս չի կարելի չփշաքաղվել: Սա Յուրա Մովսիսյանի հաղթանակն էր, ով ակնհայտ գտնվելով խաղային փորձի պակասի ու վատ մարզավիճակի բարդ շրջափուլում՝ չխնայեց ո՛չ իրեն և ո՛չ էլ մրցակցին: Սա «մեր Հենոյի» հաղթանակն էր, ում գլխին ջարդվում են հավաքականի գրեթե բոլոր վերջին անհաջողությունները, իսկ այդ ճնշմանը դեռ դիմանալ է պետք: Թող ներեն ինձ բոլոր մնացած տղաները, ում անուն առ անուն չնշեցի: Սա նրանց ԲՈԼՈՐԻ հաղթանակն էր: Ու միայն նրանցը...

Այս տղաները դեռ անելիք ու ասելիք ունեն: Նրանք կիսատ գործ ունեն դեռ ավարտին հասցնելու: Եթե նույնիսկ այդ՝ բոլորիս սպասած՝ մեծ մրցաշարի եզրափակչում հայտնվելու խնդիրը ինչ-ինչ պատճառներով նրանց չհաջողվի լուծել, հետևից եկող երիտասարդների կողքին լինելու, նրանց ճիշտ ուղի ցույց տալու և ֆուտբոլային կարիերա կառուցելուն շահագրգռելու դերը նրանցից չի կարելի խլել: Իսկ որքան էլ հոռետեսական լինեն սպասելիքները եկող սերնդից, վիճակն այնքան էլ սարսափելի չէ: Պետրոս Ավետիսյանն ու Ալիկ Առաքելյանը շտապ պետք է տեղափոխվեն այլ՝ միջին կարգի առաջնություն, Հայկ Գալստյանը պետք է «սթափվի» ու չբավարարվի Գերմանիայում արդեն 3 ակումբ փոխելով, Վահան Բիչախչյանը պետք է ամրանա ու ևս մեկ ցատկ կատարի դեպի վեր ֆուտբոլային վարպետության աստիճանահարթակով: Միայն 4-ին նշեցինք:

Պետք է վերջ տալ «լաց ու կոծին», ամեն ինչ նախորդների վատ աշխատանքին վերագրելու չափազանց վտանգավոր սովորությանը: Վերջին խաղն էլ ցույց տվեց, որ մենք ընդամենը սովոր ենք նախ խնդիրներ ստեղծել, հետո հերոսաբար լուծել այդ խնդիրները: Պետք է փորձել չստեղծել դրանք: Ու ամեն ինչ լավ է լինելու: Որքան էլ տրիվիալ հնչի այս ամենը...

Ս.Բ.

Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: