Ազգային հավաքականի մարզահագուստի շնորհանդեսը՝ ֆեդերացիայի աշխատակազմի հնարավորությունների ցուցիչ

31 Օգոստոսի 2018 15:51
Ազգային հավաքականի մարզահագուստի շնորհանդեսը՝ ֆեդերացիայի աշխատակազմի հնարավորությունների ցուցիչ

Հայկական ֆուտբոլի ներկա ամորֆ վիճակը, բնական է, չէր կարող չանդրադառնալ հավաքականի վրա: Սեպտեմբերի 6-ին մեկնարկող Ազգերի Լիգայի անդրանիկ խաղարկության սպասումներով լեցուն են բոլոր ֆուտբոլասերները, և այս պարագայում յուրաքանչյուր լուր, տեղեկություն շատ զգայուն է ընկալվում, ընդհանրապես, ֆուտբոլային ամբողջ հանրության կողմից: Նախօրեին հավաքականի հայտացուցակի՝ սովորականից շատ ավելի ուշ հրապարակումն արդեն իսկ լուրջ բացասական ալիք էր առաջ բերել սոց. ցանցերում, որտեղ կարծիքներ էին հնչում, թե ՀՖՖ աշխատակազմի ներկայացուցիչների «ճամպրուկային տրամադրությունը» շատ ավելի խոր արմատներ ունի, քան աշխատանքային պարտականությունների ճշգրիտ կատարման պահանջը:

Եվ ահա, այսօր ՀՖՖ-ն ներկայացնում է հավաքականի նոր մարզահագուստը: Եվս մեկ սպասված արարողակարգային միջոցառում, որին ամբողջ ֆուտբոլային աշխարհում ընդունված է շատ մեծ կարևորություն տալ: Ամբողջ աշխարհում, բայց՝ ո՛չ մեզ մոտ: Հերթական սիրողական մակարդակի, առանց նորարարական գաղափարների նկարահանված տեսանյութը խոր հիասթափություն է առաջացնում ոչ միայն մարքեթինգի մասնագետների, այլ սովորական երկրպագուների մոտ:

Սկսենք նրանից, որ ֆեդերացիայի մարքեթինգային քաղաքականությունը վաղուց ի վեր մնացել է նախորդ դարում: Հատկանշական է թեկուզ այն փաստը, որ մինչ այժմ չի բավարարվել թեկուզ միայն Հենրիխ Մխիթարյանի անունով հավաքականի մարզաշապիկների անչափ մեծ պահանջարկը: Ասում են՝ պատճառը առևտրային գործունեությամբ զբաղվելու ֆեդերացիայի՝ իրավունք չունենալն է: Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են, որովհետև նման իրավիճակների լուծումը կտա ցանկացած նորավարտ իրավաբան: Այս ամենի հետ մեկտեղ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացման հետ առաջ եկած մարքեթինգային թրենդներն այդպես էլ չներխուժեցին ՀՖՖ դարպասից ներս, և մենք շարունակում ենք հետևել պաշտոնական կայքի և սոց. ցանցերի միանման, մոնոտոն ու երբեմն ահավոր ժամանակավրեպ գրառումներին: Այս առումով միակ տեղաշարժը «Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտ»-ի ստեղծումն էր, որի հաստիքներից թափուր չէ միայն «Մարքեթինգի, զարգացման և խթանման բաժնի պետ»-ինը: Այսինքն կա մի աշխատակից, ով «պետ» է: Ճիշտ սովետական կառույցներից շատերի նման, ուր ընդամենը կար մեկ հաշվապահ, որի հաստիքը կոչվում էր «Գլխավոր հաշվապահ»:

Մերօրյա աշխարհում, երբ հատկապես կորպորատիվ գործունեության շրջանակում առաջին պլան են մղվում ներկայանալի տեսքը, խոսքը, շրջապատը, մարքեթինգի դեպարտամենտը պետք է լինի ցանկացած կառույցի «դեմքը», որի աշխատակիցների «գերորակավորումը» շնչելու րոպե չպետք է տա ղեկավարությանը: Այստեղ ներդրված բյուջեի արդյունավետությունը պետք է չզիջի խաղադաշտ կառուցելուն ուղղվածին: Բայց այսօր ունենք մի «շնորհանդես», որը թողնում է համարյա յուրաքանչյուր մեքենայում առկա HD տեսառեգիստրատորով նկարահանվածի տպավորություն, որի կադրում հասարակությանն անհայտ, ոչ պրոֆեսիոնալ առոգանությամբ երիտասարդը շեշտադրում է առանձին էլէմենտների՝ անհասկանալի կարևորությունը: Ու վերջ:

Իսկ մենք այլ բան էինք սպասում, քանի որ նման միջոցառումները կառույցի մարքեթինգային քաղաքականության թագն ու պսակն են, այս ամենն արվում է հասարակության ամենատարբեր շերտերի՝ սեփական արշավին առավելագույն ներգրավվաածություն ապահովելու համար: Սպասում էինք գոնե ՀՖՖ աշխատակազմի կողմից իրենց ղեկավարի հանձնարարականի կատարմանը, ով ասուլիսներից մեկում լրագրողի՝ նոր մարզահագուստին վերաբերող հարցին ի պատասխան հանձնարարեց այն պատրաստ լինելուն պես հենց լրագրողների ներկայությամբ շնորհանդես կազմակերպել: Կամ սպասում էինք գոնե Դանիայի, Իսլանդիայի, Մեքսիկայի և, իհարկե, Չեխիայի հավաքականների մարզահագուստների ներկայացմանը մոտ ինչ-որ բանի: Իսկ այս տեսանյութով այդ շերտերին վանելը շատ ավելի հեշտ կստացվի:

Հիասթափությունը հենց հավաքականի նկատմամբ տածած սիրո, հարգանքի, այն ավելի լավը և ուժեղ տեսնելու արգասիքն է: Մենք՝ բոլորս, ուզում ենք, որ այն ամենն, ինչ մեր ազգայինի հետ է կապված, լինի լավագույնը: Բայց հերթական անգամ նման ոչ պրոֆեսիոնալ «մանրուքները» խոր ափսոսանք են առաջ բերում, մասնավորապես, այն մարդկանց մոտ, ովքեր հենց ստեղծման օրվանից, բոլոր հաղթանակներով ու պարտություններով հանդերձ, եղել են մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ կողքին: Ու դուք, հարգելինե՛ր, պարզապես չեք ցուցաբերում Ձեր պարզագույն հարգանքն այդ մարդկանց նկատմամբ, որովհետև նման տեսանյութերի արժեքը դուք, ցավոք, չգիտեք:

Ս.Բ.

Լուսանկարը՝ ՀՖՖ ներկայացրած տեսանյութից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: