Այսպիսի ֆուտբոլ մեզ պետք չէ

05 Հունիսի 2018 10:44
Այսպիսի ֆուտբոլ մեզ պետք չէ

Sportal.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ տվեցին Հայաստանի ազգային հավաքականի՝ երկար սպասված ընկերական հանդիպումները։ Մեր 5 դիտարկումները Մալթայի և Մոլդովայի հետ խաղերի վերաբերյալ:

1․Վախեցեք ձեր երազանքներից․ դրանք կարող են իրականանալ

Ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, այնպես էլ հայ երկրպագուներից շատերը տարիներ շարունակ երազում էին Վարդան Մինասյանի վերադարձի մասին։ Թե ինչ հանգամանքներում և ինչպես՝ էական չէ, կարևորը, որ այն վերջապես կայացավ։ Եվ հենց այստեղ է, որ պետք է հիշել փիլիսոփայական հայտնի արտահայտություններից մեկը՝ «Վախեցեք ձեր երազանքներից․ դրանք կարող են իրականանալ»։ Երբ Հայաստանի հավաքականը համապատասխանաբար 4 և 3 գնդակ ուղարկեց շատ ավելի ուժեղ Բելառուսի և Կիպրոսի հավաքականների դարպասը, շատերն ասացին՝ «ո՞ւմ ենք հաղթել որ»։ Եվ, իրոք, ո՞ւմ ենք հաղթել։ Մոլորակի 90-րդ և 93-րդ հավաքականներին ինչ-որ «անպետք» ընկերական խաղերում։ Չես համեմատի ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում համապատասխանաբար 185-րդ և 173-րդ հորիզոնականները զբաղեցնող Մալթայի և Մոլդովայի հետ, այնպես չէ՞։ Թվում էր, անհնար է ավելի վատ խաղալ, քան Լիտվայի և Էստոնիայի դեմ, բայց եկավ «երազանքի մարզիչը» և ապացուցեց, որ անհնարին ոչինչ չկա։ «Արթուր Պետրոսյանի օրոք թիմը չունի ձեռագիր»,-ասում էին շատերը։ Իսկ Մալթայի և Մոլդովայի հետ խաղերում ձեռագիր կա՞ր։

Շատերը չարախնդում էին, երբ Արթուր Պետրոսյանի օրոք թիմը ստեղծում էր բազմաթիվ պահեր, և չէր կարողանում դրանք իրացնել։ Իսկ քանի՞ պահ ստեղծվեց Վարդան Մինասյանի վերադարձից հետո առաջին երկու խաղում՝ միասին վերցրած։ Կարելի է ասել, որ Մինասյանը դեռ նոր էր ծանոթանում հավաքականին, շատ էին նորեկները, կար մրցաշրջանի վերջին բնորոշ հոգնածության ֆոն, բայց դրանք լոկ արդարացումներ են։ Մինասյանը, որքան էլ որ վերջին տարիների հավաքականում չէր աշխատում, բայց բոլորից լավ գիտի հավաքականի բոլոր թեկնածուներին, իսկ նորեկների և հոգնածության առկայությունը մշտական և բնական բաղկացուցիչներ են։ Պարզապես, այն, ինչ չէր ներվում նախորդ մարզիչներին, Մինասյանին դեռ կներվի։

Մեր նպատակն անընդհատ համեմատությունը, մեկին քննադատելը և մյուսին արդարացնելը չէ, ուղղակի երբ երիտասարդ ես և առաջին անգամ մեկնում ես արտերկրյա ճանապարհորդության, քո այցելած երկիրը, որքան էլ որ թերություններ ունենա, մնում է քո սրտի մեջ՝ ինչպես առաջին սերը։ Տարիներ անց դու կրկին կատարում ես նույն ճանապարհորդությունը, բայց զգացողություններդ արդեն այն չեն լինում, դու էլ նույնը չես, քո այցելության վայրն էլ։ Մենք չենք ուզում շեղվել բուն նյութից և չափից դուրս սենտիմենտալ թվալ, բայց ավելի պատկերավոր համեմատություն դժվարանում ենք գտնել։ Երկրորդ անգամ նույն գետը մտնելու հետ կապված դժվարությունները երբեք հնարավոր չէ անտեսել։

Մնում է հուսալ, որ առաջիկա ասուլիսներից մեկի ժամանակ Վարդան Մինասյանից չենք լսի. «Իսկ ո՞վ է ասել, որ մեր առջև Ազգերի լիգայի ուղեգիր նվաճելու խնդիր է դրվել» նախադասությունը։

2․ Ոչինչ չի փոխվել, ոչինչ չի փոխվի

Մեր հավաքականի «ոսկե» տարիներից՝ 2010-2013 թվականներից հետո, Վարդան Մինասյանին մեղադրում էին միօրինակության և աճ գրանցած հավաքականի մակարդակին չհամապատասխանելու մեջ։ Ասում էին՝ Վարդան Մինասյանի համար գոյություն ունի տակտիկական միայն մեկ սխեմա՝ 4-2-3-1։ Արթուր Պետրոսյանին, ընդհակառակը, մեղադրում էին, որ ամեն հաջորդ խաղում օգտագործում է տարբեր սխեմա և տարբեր ֆուտբոլիստների, ինչն ազդում է թիմի խաղակցվածության վրա։ Վերադարձից հետո իր առաջին իսկ խաղում Մինասյանը կրկին օգտագործեց «հին» ու «բարի» 4-2-3-1-ը, և կարծես երկրպագուների նոստալգիայի չափաբաժինն ավելացնելու համար հավաքականի հիմնական կազմ վերադարձրեց այն հաղթական հավաքականի ոչ վերջին դերակատարներից Կառլեն Մկրտչյանին և Հրայր Մկոյանին։ Երբ Մոլդովայի հավաքականի հետ խաղում Մինասյանը ասպարեզ դուրս բերեց 5 պաշտպանի, թվաց, թե Մինասյանը փոխվել է։ Այդուհանդերձ, ինչպես 2 խաղում Մինասյանի ընտրած կազմը, այնպես էլ կատարած փոխարինումներն ապացուցեցին, որ Մինասյանը չի փոխվել։ Հիշո՞ւմ եք հաղթական տարիներին Մարկոս-Եդիգարյան կամ Եդիգարյան-Մարկոս մշտական փոխարինումը։ 5 տարի անց փոխվել են դերակատարները, բայց երևույթի բովանդակությունը նույնն է։ Երկու խաղերում էլ փոխարինման դուրս եկան գրեթե նույն ֆուտբոլիստները՝ նույն դիրքերում։ Ընդհանրապես հնարավորություն չստացան փայլուն մրցաշրջան անցկացրած Ռումյան Հովսեփյանը, Հայկ Իշխանյանը և էրիկ Վարդանյանը։

Շարունակվեց դեռևս Ռոման Բերեզովսկու խաղալու տարիներին սկզբնավորված երևույթը՝ հրավիրված 3 դարպասապահից երկու խաղում էլ խաղաժամանակ ստացավ միայն մեկը։ Իսկ թե ո՞րն էր հարձակվողների սուր պակասի պարագայում Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից Գեղամ Հարությունյանին հրավիրելու, բայց գոնե 1 րոպե խաղաժամանակ չտալու իմաստը, կիմանա միայն հավաքականի մարզչական շտաբը։ Եվ դա այն պարագայում, երբ Տիգրան Բարսեղյանը հավաքականում անցկացրեց հերթական անատամ և անարդյունավետ հանդիպումները։

Մեղմ ասած, անհասկանալի է նաև կարգով և խաղամակարդակով մեզ ակնհայտորեն զիջող հավաքականներից մեկի դեմ խաղում 5 պաշտպանով խաղալու որոշումը և, առհասարակ, Ազգերի լիգայից առաջ վերջին ստուգողական խաղում այդ տակտիկական սխեմայի փորձարկումը։ Եթե պետք է Լիխտեյնշտեյնի և Ջիբրալթարի դեմ խաղերում էլ գործենք 5 պաշտպանով + պաշտպանողական ոճի 2 հենակետայինով, ուրեմն անելիք չունենք այդ մրցաշարում։ Իսկ Գաել Անդոնյանին ոչ թե ձախ պաշտպանի, այլ ամբողջ ձախ եզրը փակող ֆուտբոլիստի դիրքում օգտագործելու որոշումը կարելի է թողնել առանց մեկնաբանության։

3․ Նորեկների հակասական ելույթները

Եթե Իվան Յագանի նորամուտը կարելի է հաջող համարել՝ հաշվի առնելով հենց առաջին իսկ խաղում նրա խփած գոլը, ապա մյուս նորեկների դեպքում դժվար է որոշակի եզրակացություններ անել։ Էդգար Բաբայանի անցկացրած րոպեները բավարար չեն նրա մասին հստակ պատկերացում կազմելու համար, իսկ Անդրե Չալըշըրը փորձարկվեց այնպիսի խաղում, որտեղ կենտրոնական պաշտպաններն առանձնակի անելիք էլ չունեին։ Ինչ վերաբերում է Ժորդի Ժոաո Մոնրո Արարատին, ապա կարելի է միանշանակ փաստել, որ ինպես Հովհաննես Համբարձումյանն, այնպես էլ Կամո Հովհաննիսյանն իրենց փորձով և հարձակողական ունակություններով շատ ավելի օգտակար կլինեն կարևոր հանդիպումների ընթացքում։ Սևամորթ Արարատը ֆիզիկապես պինդ է, բավականաչափ արագ, բայց տակտիպապես գրագետ չէ, չունի առաջին փոխանցում կատարելու ունակություն, չի կարողանում հմտորեն միանալ գրոհներին և հաճախակի կորցնում է դիրքը պաշտպանվելիս։ Փորձենք վերագրել այդ թերությունները նրա երիտասարդ տարիքին և փաստենք, որ, անկախ ամեն ինչից, աջ եզրում այդպիսի մրցակցության առաջացումը միմիայն դրական է․ մի բան, որ, ընդհանրապես չի կարելի ասել ձախ եզրի մասին։ Այլապես, այնտեղ երկու խաղերում էլ չէր խաղա միայն հավաքականի կազմում, այն էլ՝ 2-3 ամիսը մեկ պրոֆեսիոնալ մակարդակի խաղերի մասնակցող Գաել Անդոնյանը։

Որպես բոնուս՝ երկու խոսք նաև Կառլեն Մկրտչյանի մասին, ով, մեղմ ասած, նորեկ չէ, բայց այնքան վաղուց էր վերջին անգամ խաղացել հավաքականում, որ շատերի կողմից ընկալվում էր համարյա իբրև նորեկ։ Կառլենը վատ չխաղաց, իր սովորության համաձայն շատ էր աշխատում, փորձում էր խափանել մրցակցի գրոհները, բայց զգացվում էր վերջին շրջանում միջզգային բարձր մակարդակի հանդիպումների պակասը և ծանրությունը։ Ավելի բարձրակարգ մրցակիցների դեմ խաղերում Կառլենը, հնարավոր է, չդիմանա ֆունկցիոնալ առումով, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով Վարդան Մինասյանի անվերապահ վստահությունը Մկրտչյանի նկատմամբ։

4․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «խելամիտ» որոշումը

Պարզվում է՝ 21-րդ դարում՝ նույնիսկ տեխնոլոգիաների զարգացածության այսպիսի պայմաններում, հնարավոր է գտնել հանդիպումներն անցկացնելու այնպիսի վայր, որտեղից հնարավոր չլինի կազմակերպել ազգային հավաքականի հանդիպման հեռուստատեսային հեռարձակումը։ Հայ երկրպագուները, որոնք առանց այդ էլ հազվադեպ են հնարավորություն ունենում հետևել հավաքականի խաղերին, այս անգամ ստիպված էին բավարարվել միմիայն ինտերնետաին հեռարձակումով։ Եվ մինչ երկրպագուները և լրագրողները անխնա քննադատում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և նրա գործընկեր Արմենիա TV-ին՝ չիմանալով, թե կողմերից հատկապես որ մեկն է ավելի մեղավոր, փաստենք, որ ՀՖՖ-ն իրականում կայացրել էր վերջին ժամանակաշրջանի ամենախելամիտ որոշումը՝ չպարտադրելով կամ հետամուտ չլինելով հանդիպումների հեռուստատեսային հեռարձակման կազմակերպմանը։ Որքան քիչ մարդ և հատկապես երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստ հնարավորություն ունենա դիտելու այսպիսի հանդիպումներ, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ ֆուտբոլով զբաղվողների և հետաքրքրվողների թիվը մեր երկրում չի նվազի։

5․ ՀՖՖ մամուլի ծառայության «օպերատիվ» և «մանրակրկիտ» աշխատանքը

Ավստրիայի լեռնային շրջաններն ամբողջ աշխարհում հայտնի են կլիմայական հիանալի պայմաններով։ Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակում մեծանում է հանգստանալու և ոչինչ չանելու գայթակղությունը, բայց երբ հավաքականն անցկացնում է արտագնա հանդիպումներ, իսկ թիմի ելույթներն ու մարզումները լուսաբանելու հնարավորություն ունի հայկական լրատվամիջոցներից միայն մեկը, պաշտոնական մարմնի (տվյալ դեպքում՝ ՀՖՖ) լրատվական ծառայությունը պետք է մի կողմ դնի բոլոր գայթակղությունները, պարտավոր է լինել օպերատիվ և բծախնդիր մանրուքների հանդեպ։ Սա գործում է այն դեպքում, երբ ամեն ինչ նորմալ է, մոտ նրան, ինչպես պետք է լինի։ Բայց քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում շատ հաճախ ամեն ինչ այնպես է, ինչպես ոչ մի դեպքում պետք է չլիներ, եղավ այն, ինչ եղավ։ Մալթա-Հայաստան հանդիպումից առաջ Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը հրապարակվեց Երևանի ժամանակով 20։59-ին՝ այսինքն խաղի մեկնարկից 1 րոպե առաջ։ Գրեթե 10 օրվա ընթացքում ՀՖՖ պաշտոնական կայքում չհրապարակվեցին ազգային հավաքականի գլխավոր մարզչի կամ ֆուտբոլիստների նախախաղային կամ հետխաղային մեկնաբանություններ, այսքան նորեկների առկայությամբ չեղավ ճանաչողական և ոչ մի հարցազրույց նրանցից ոչ մեկի հետ, իսկ հավաքականի մարզումների մասին նյութերը սահմանափակվում էին «մի շարք վարժություններ կատարելուց հետո թիմն անցկացրեց երկկողմանի հանդիպում» և նմանատիպ շաբլոն նախադասություններով։ Ոչ մի մանրամասն, հետաքրքիր դրվագի ոչ մի ընդգծում, «անդրկուլիսյան» տեսանյութերի իսպառ բացակայություն․ փոխարենը՝ անթիվ-անհամար, մեկը մյուսին կրկնող և ոչինչ չասող լուսանկարներ՝ շաբլոն վերնագրերով։

Այսպիսի ֆուտբոլ մեզ պետք չէ, այսպիսի լուսաբանում՝ ևս։ Բայց ֆուտբոլում մանրուքներ չկան, և ոչինչ պատահական չէ։ Ինչպիսին ֆուտբոլն է, այնպիսին էլ դրա լուսաբանումը։

Ա․Տ․

Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: