Արթուր Պետրոսյան - out, Վարդան Մինասյան – in. պատճառներն ու հետևանքները

11 Ապրիլի 2018 17:48
Արթուր Պետրոսյան - out, Վարդան Մինասյան – in. պատճառներն ու հետևանքները

Երկար սպասված և քննարկված թեման վերջապես ստացավ իր հանգուցալուծումը: Ապրիլի 10-ին Վարդան Մինասյանը հայտարարվեց՝ որպես Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Կարճ հիշողությամբ երկրպագուները գոհ են և երջանիկ, մարզական լրատվամիջոցները փորձում են պարզել, թե իրենցից որ մեկն էր կարողացել առաջինը գուշակել Մինասյանի նշանակման փաստը, կամ, ընդհանրապես, գուշակել էր, թե ոչ, ֆուտբոլային հասարակությունն էլ կամա թե ակամա մտաբերում է նույն գետը երկու անգամ մտնելու մասին ժողովրդական ասացվածքը:

Արթուր Պետրոսյանի հրաժարականի և Վարդան Մինասյանի նշանակման միջև այնքան քիչ ժամանակ անցավ, որ լրագրողները նույնիսկ չհասցրեցին սովորության համաձայն տարբերակներ փնտրել արտերկրում գտնվող հայ մարզիչների մեջ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի չափանիշերով ռեկորդային արագ փոփոխությունը նշանակում է միայն մեկ բան. Մինասյանի թեկնածությունը ՀՖՖ-ում քննարկված և բարեհաջող կերպով հաստատված էր նախօրոք: Բայց եկեք միասին փորձենք հասկանալ՝ արյդո՞ք Արթուր Պետրոսյանն այդքան վատն էր մեր հավաքականի համար, թե՞ կային հանգամանքներ, որ չթողեցին նրան աշխատել այնպես, ինչպես նա կարող էր, արդյո՞ք Վարդան Մինասյանը միակ հարմար թեկնածուն էր՝ հավաքականը գլխավորելու համար և արդյո՞ք նրա վերադարձը երաշխիք է՝ հավաքականի երբեմնի արդյունքները վերականգնելու համար:

Արթուր Պետրոսյանի ժամանակաշրջանը հավաքականում հակասական ստացվեց: Շռնդալից, էյֆորիկ, կամային աննախադեպ հաղթանակով մեկնարկ, անատամ խաղով ցավալի ու ամոթալի պարտություններով միջնամաս և ներկայում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառ դարձած վերջաբան: Սիրուց՝ ատելություն, ինչպես գիտեք, մեկ քայլ է, իսկ Հայաստանում այդ քայլն էլ ավելի կարճ է: Արթուր Պետրոսյանն իր մաշկի վրա զգաց այն, ինչ մինչ այդ զգացել էին նախորդ մարզիչները: Առաջին հաղթանակից հետո առաջացած համընդհանուր աստվածացումից մինչև Լեհաստանից կրած պարտությունից հետո ի հայտ եկած անխնա քարկոծում և վերջին երկու ընկերական խաղերից հետո ձևավորված անհիմն քննադատություն, երբ Պետրոսյանին սկսեցին մեղադրել մարդկային բոլոր մեղքերի մեջ:

Ասել, որ Արթուր Պետրոսյանի օրոք հավաքականն ուներ խաղային հստակ ձեռագիր, կնշանակի իրավիճակին նայել վարդագույն ակնոցներով: Այո´, հաղթեցինք Չեռնոգորիային, բայց հիմնականում Արթուր Պետրոսյանի՝ թիմի էմոցիոնալ ֆոնը կարգավորելու և ֆուտբոլիստների կամային հատկանիշների շնորհիվ: Հաղթեցինք Ղազախստանին, բայց մեծ հաշվով առանձին խաղացողների կամ նույնիսկ մեկ խաղացողի կարգի հաշվին, իսկ հետո հետևեցին ցավալի ու ամոթալի պարտություններ, հաղթանակներ ոչ մի իմաստ չունեցող ընկերական խաղերում և անատամ խաղ Էստոնիայի ու Լիտվայի հետ մրցավեճերում: Եվ այդքանով հանդերձ, համարել, որ Պետրոսյանն ամբողջովին ձախողել է աշխատանքը հավաքականում, կնշանակի կիսով չափ լցված բաժակը դիտարկել որպես կիսադատարկ: Ուղղակի, երբ անցավ առաջին երկու հաղթանակներից հետո առաջացած էյֆորիայի զգացողությունը, առաջնային պլան դուրս եկավ այն, ինչ պետք է վաղ թե ուշ դուրս գար: Զգացնել տվեց Պետրոսյանի տրամադրության տակ եղած ֆուտբոլիստների ոչ բարձր կարգը: Ի դեպ, այդ երևույթի հետ վաղ թե ուշ առնչվելու է նաև Վարդան Մինասյանը, բայց այդ մասին դեռ կխոսենք:

Իսկ մինչ այդ փաստենք, որ Հայաստանի հավաքականն իր 26-ամյա պատմության ընթացքում երբեք այսքան թույլ կազմ չի ունեցել: Եղել են ավելի ցավալի պարտություններով շարքեր, գոլազուրկ հանդիպումներ, զբոսաշրջիկ մարզիչներ, բայց ցանկացած ժամանակահատվածում ունեցել ենք ֆուտբոլիստներ, որոնք տարբեր իրավիճակներում կարողացել են «հարց լուծել»: Հիմա այդպիսի ֆուտբոլիստներ չունենք, կամ գրեթե չունենք:

Երբ 1.5 տարվա ընթացքում մարզիչները ստիպված են խաղաժամանակ տրամադրել 4 տարբեր դարպասապահի, երբ պաշտպանութունում հանդես են գալիս ֆուտբոլիստներ, ովքեր 90-ականներին Բարձրագույն խմբի թիմերի հիմնական կազմում էլ դժվարությամբ տեղ կգտնեին, երբ կիսապաշտպանությունում ամենաշատ գնդակ խլում է այն ֆուտբոլիստը, ով պետք է թիմը տանի իր հետևից, երբ այդ նույն ֆուտբոլիստը՝ թիմի ամենաբարձրակարգ ֆուտբոլիստը և ավագը, հայտարարում է, որ եկել է՝ ոչ թե թիմին առաջնորդելու, այլ խաղընկերներին օգնելու, իսկ խաղադաշտում էլ ժամանակի մեծ մասն անկացնում է՝ մրցավարներից դժգոհելով, երբ հարձակվողներն այնքան անկարող են, որ գոլերի 80 տոկոսը խփում են պաշտպաններն ու կիսապաշտպանները, իսկ տեսականորեն կարող միակ հարձակվողին էլ հավաքական հրավիրել չի թույլատրում ՀՖՖ նախագահը, ի՞նչպես պետք է մարզիչը խաղային ձեռագիր ներարկի այդ թիմին:

Բերե´ք անգամ խաղային ուրույն ձեռագրի գիգանտ Գվարդիոլային, և թո´ղ նա սովորեցնի Գագիկ Դաղբաշյանին ամեն անգամ չկորցնել դիրքը, Արտակ Գրիգորյանին՝ կատարել ճշգրիտ փոխանցում 5 մետրի վրա, Սարգիս Ադամյանին էլ՝ մեկը մեկի դեմ պայքարում վճռել դրվագի ելքը: Հա´, չմոռանա´ք Պեպին խնդրել նաև, որ համոզի Գաել Անդոնյանին տեղափոխվել որևէ այլ թիմ՝ խաղային կայուն պրակտիկա ունենալու համար, Տարոն Ոսկանյանին՝ ամեն անգամ գոլ «չբերել», Արաս Օզբիլիսին ու Դավիթ Մանոյանին էլ՝ գտնել «հեքիմ»՝ մշտական ու անվերջ վնասվածքներից ապաքինվելու համար: Իսկ ամենակարևորը, բերե´ք Պեպին, որ համոզի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին խաղալ այն ֆուտբոլը, որ խաղում էր ժամանակին, որովհետև հետ ու կողք փոխանցումներ կատարելու, մշտապես անհաջող տուգանայիններ իրացնելու և մրցավարներից շարունակաբար մրցակցի համար դեղիններ պահանջել կարող է նաև ցանկացած այլ ֆուտբոլիստ: Մինասյանի՞ն ենք բերել, որ այս ամենն իրականացնի: Աստված տա՝ ստացվի:

Վարդան Մինասյանին այլընտրանք կա՞ր: Իհարկե, կար: Թե´ Հայաստանո՞ւմ, և թե´ արտերկրո՞ւմ: Այո´, կար:

Իսկ հիմա հարցը ձևակերպենք այլ կերպ: Արդյո՞ք Վարդան Մինասյանին կար այլընտրանք Ռուբեն Հայրապետյանի համար: Պատասխանը՝ հավանաբար, ո´չ: Սկսած այն պահից, ինչ Վարդան Մինասյանը լքել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, ՀՖՖ նախագահը բազմիցս հայտարարել է նրա վերադարձի ցանկության մասին: Եվ, ըստ ամենայնի, եթե հայկական ֆուտբոլում կա 2 կամ 3 մարդ, ում կարծիքի հետ Հայրապետյանը հաշվի է նստում, մեկը, հավանաբար, Վարդան Մինասյանն է: Եթե կա 2 կամ 3 մարզիչ, ում ֆուտբոլային գիտելիքները Հայրապետյանը վեր է դասում իր սեփականից, դա, հավանաբար, Վարդան Մինասյանն է: Վերջապես, եթե հայկական ֆուտբոլում կա մարզիչ, ով կարող է որոշակի պահանջներ ներկայացնել Ռուբեն Հայրապետյանին, դա, հավանաբար, Վարդան Մինասյանն է: Հենց այստեղից էլ սահուն կերպով գալիս ենք Վարդան Մինասյանի կայացրած որոշման դրդապատճառների բացահայտմանը, որը պակաս խորհրդավոր չէ, քան Մոնա Լիզայի ժպիտը:

Այսպիսով, ի՞նչ փոխվեց և ի՞նչը կարող էր ստիպել Մինասյանին այս անգամ տալ իր համաձայնությունը:

Մինասյանը շատ լավ գիտակցում է, որ 2010-2013 թթ. «ոսկե» հավաքականն այլևս չկա, ֆուտբոլիստներն ավելի տարեց են և հաստատ չեն ուժեղացել, ավելի ուժեղ ֆուտբոլիստներ էլ, եթե կան, ապա քիչ են: Մինասյանին նախորդ մարզիչներից բաժին է հասել անձեռագիր, մեծ հաղթանակների համը գրեթե մոռացած հավաքական: Խոսվում է, որ Մինասյանի վերադառնալու նախապայմանը եղել է Յուրա Մովսիսյանի վերադարձը հավաքական: Ենթադրենք՝ դա այդպես է, և Հայրապետանն էլ տվել է իր համաձայնությունը: Նախ, Յուրան արդեն 31 (իսկ իրականում, միգուցե, ավելի շատ) տարեկան է, երկրորդ՝ երկար ժամանակ է, ինչ չի խաղացել բարձր մակարդակով և հայտնի չէ, թե, առհասարակ, այսքանից հետո կցանկանա միանալ հավաքականին, թե ոչ: Եվ հետո, եթե նույնիսկ Յուրան գտնվի կատարյալ իրավիճակում, արդյո՞ք միայն դա բավական է «հարց լուծելու» համար: Ենթադրենք, որ լուծվելու է նաև Դավիթ Յուրչենկոյի հետ կապված թնջուկը, և նա ևս միանալու է հավաքականին: Շատ լավ կլինի, որ ունենանք բարձրակարգ դարպասապահ, բայց Յուրչենկոն չի պաշտպանվելու մեր պաշտպանների փոխարեն, չի կարգավորելու թիմի խաղը դաշտի կենտրոնում, ոչ էլ կատարելու է այդքան պակասող վերջին փոխանցումը Յուրա Մովսիսյանին կամ Լատինական Ամերիկայում «պեղված» որևէ «ադամանդի»: Ունե՞նք արտերկրում հանդես եկող շատ այլ ֆուտբոլիստներ, որոնք չէին հրավիրվում, բայց կարող են միանգամից օգուտ տալ հավաքականին հրավիրվելու դեպքում: Հավանաբար, ոչ:

Այդ դեպքում ո՞րն է դրդապատճառը: Ֆինանսական կողմը մեր օրերում կարևոր է ցանկացած մարդու համար, բայց Ղազախստանում աշխատած Վարդան Մինասյանի համար դա էլ դժվար թե մոտիվացիաներից գլխավորը լիներ: Մնում է միայն մեկ տարբերակ. Ռուբեն Հայրապետյանը շատ լավ գիտակցում է, որ Ազգերի Լիգան հավաքականի այս սերնդի համար եզակի և, թերևս, վերջին շանսն է՝ որևէ խոշոր մրցաշարի մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար: Իսկ կարևորագույն մրցաշարին, բնականաբար, թիմին պետք է առաջնորդի լավագույն մարզիչը, ինչպիսին, ըստ Ռուբեն Հայրապետյանի, համարվում է Վարդան Մինասյանը:

Վերջինս երբեք փառասեր չի եղել, աչքի է ընկել համեստությամբ և իրավիճակի օբյեկտիվ գնահատականներով, սակայն ինչպես և ցանկացած մարդ, հավանաբար, զուրկ չէ գայթակղությանը տրվելու մոլուցքից: Մինասյանը կարող էր հերթական անգամ մերժել Հայրապետյանի առաջարկը և շարունակել ապրել հավաքականի պատմության ամենահաջողակ մարզչի կարգավիճակով, բայց և դժվար էր դիմանալ գայթակղությանը և չփորձել ապացուցել, որ ներկա իրավիճակում էլ կարելի է ինչ-որ բան փոխել և նոր «դրիմ թիմ» կառուցել: Հավանաբար հենց այդ փաստն ու Հայրապետյանի անսահման վստահությունն էլ դրդել են Վարդան Մինասյանին փոխարինել ՀՖՖ Տեխնիկական տնօրենի «հանգիստ» աթոռը երկրի նախագահից հետո երկրորդ ամենաքննարկվող պաշտոնի հետ:

Մենք բերեցինք մի շարք հակափաստարկներ, թե ինչու այս անգամ Վարդան Մինասյանի մոտ կարող է չստացվել, իսկ փաստարկներն իր աշխատանքով թո´ղ բերի հենց ինքը՝ Վարդան Մինասյանը: Կամ հայկական մարզչական արտադրամասի՝ միակ չհեղինակազրկված ներկայացուցիչը կդադարի այդպիսին լինելուց, կամ էլ ավելի կհերոսանա՝ ապացուցելով, որ իր նախկին աշխատանքի արդյունքները միայն բազմաթիվ բարենպաստ հանգամանքների արդյունք չէին: Եվ քանի որ երրորդ տարբերակ չկա, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ Վարդան Մինասյանի վերադարձը հավաքական արգասաբեր կլինի:

Ա.Տ.

Լուսանկարները՝ ՀՀՖ կայքի, Zimbio.com


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: