N18 + մնացածը. ովքե՞ր են Մխիթարյանի հետ փորձելու հաղթել Ազգերի Լիգայի D դիվիզիոնում

31 Հունվարի 2018 11:26
N18 + մնացածը. ովքե՞ր են Մխիթարյանի հետ փորձելու հաղթել Ազգերի Լիգայի D դիվիզիոնում

Նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել ենք Ազգերի Լիգայի վիճակահանությանը և Հայաստանի հավաքականի՝ D խմբում հաղթելու հնարավորություններին: Այսօր կփորձենք հասկանալ, թե որ ֆուտբոլիստներն են մեր «N 18»-ի հետ փորձելու հասնել բաղձալի նպատակին:

Եվ այսպես, N 18 (Հենրիխ Մխիթարյան) +

3 դարպասապահ՝ Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան, Արման Մելիքսեթյան

10 պաշտպան՝ Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Դարբինյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտյոմ Միքայելյան, Հայկ Իշխանյան, Գաել Անդոնյան, Լևոն Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան,

11 կիսապաշտպան՝ Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Դավիթ Մանոյան, Գոռ Մալաքյան, Ռումյան Հովսեփյան, Արաս Օզբիլիս, Գեղամ Ղադիմյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան, Մարկոս Պիզելլի

4 հարձակվող՝ Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով

Սրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր Արթուր Պետրոսյանի կողմից հրավիրվել են հավաքական 2016-2017 թվականներին և վնասվածք չունենալու ու լավ մարզավիճակում լինելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կլինեն թիմի կազմում նաև առաջիկայում:

Իսկ այժմ առանձնացնենք 3 խմբի ֆուտբոլիստներ, որոնք կարող են ևս համալրել հավաքականն այս կամ այն իրավիճակում

Խումբ N1 - Ֆուտբոլիստներ, որոնց՝ հավաքական հրավիրվելն ավելի քիչ հավանական է, քան վերոնշյալ ցուցակում ընդգրկվածներինը: Այդուհանդերձ, Արթուր Պետրոսյանի օրոք նրանք հրավիրվել են հավաքական և կարող են կրկին հրավիրվել, եթե ունենան խաղային կայուն պրակտիկա և լինեն լավ մարզավիճակում.

Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի համար կարևորագույն մի շարք խաղերում հանդես եկավ հիմնական կազմում և եթե Ռումինիայի դեմ խաղում փայլուն խաղաց, ապա Լեհաստանի հավաքականի դեմ անհաջող խաղից և 6 գնդակ ընդունելուց հետո ակնհայտորեն ստիպեց հավաքականի մարզիչներին կորցնել իր նկատմամբ վստահությունը: Այդուհանդերձ, հաշվի առնելով դարպասապահների մշտական խնդիրը հայկական ֆուտբոլում, Մելիքսեթյանը (քանի դեռ անհասկանալի է Անատոլի Այվազովի դիրքորոշումը հավաքականում խաղալու վերաբերյալ) որոշակի հանգամանքներում կարող է օգտակար լինել հավաքականին, թեկուզ պահեստային դարպասապահի կարգավիճակում:

Կենտրոնական պաշտպան և հավաքականի փորձառու ֆուտբոլիստներից Հրայր Մկոյանն Արթուր Պետրոսյանի՝ հավաքականի գլխավոր մարզչի ղեկը ստանձնելուց հետո՝ սկզբնական ժամանակահատվածում, թիմի անփոխարինելի խաղացողն էր և հենասյուներից մեկը: Հետո եղավ Չեռնոգորիայի հետ անհաջող հանդիպումը, վնասվածք, Մկոյանը դուրս մնաց «Էսթեղլալի» հիմնական կազմից և տարվա երկրորդ կեսում գրեթե չխաղաց: Ներկայումս Մկոյանը վերադարձել է հարազատ «Շիրակ» և, անկասկած, կփորձի վերականգնել նախկին մարզավիճակը: Ակնհայտ է, որ, հաշվի առնելով բարձակարգ կենտրոնական պաշտպանների պակասը հավաքականում, Մկոյանը լավ մարզավիճակ ձեռք բերելու դեպքում կարող է կրկին անհրաժեշտ լինել հավաքականի մարզիչներին: Հատկապես վճռական լարված խաղերում Մկոյանի փորձը, մեղմ ասած, չի վնասի մեր թիմին:

Կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այն ֆուտբոլիստներից է, ում Արթուր Պետրոսյանը, տեղին, կամ ոչ այնքան, շատ է վստահել: Նախորդ տարի Արտյոմը «Ալաշկերտում» կայուն ելույթներ ունենալու շնորհիվ կարողացավ քիչ թե շատ վերադարձնել իր մարզավիճակը և կրկին հրավիրվել հավաքական: Արտյոմը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց մինչև կարիերայի վերջ «հեռանկարայինի» կարգավիճակում չմնալու համար նրան անհրաժեշտ է մշտապես խաղալ որևէ թիմում: Ակնհայտ է, որ այդ դեպքում նրա՝ կրկին հավաքական հրավիրվելու շանսերն ավելի մեծ կլինեն:

Այս ֆուտբոլիստների թվին կարելի է ավելացնել Կառլեն Մկրտչյանին, ով վերջին անգամ հրավիրվել է հավաքական Արթուր Պետրոսյանի նախորդի՝ Վարուժան Սուքիասյանի օրոք, բայց, վերակենդանացնելով իր կարիերան «Փյունիկում», կարող է հրավիրվել հավաքական նաև Արթուր Պետրոսյանի օրոք և օգտակար լինել թիմին:

Չնայած հավաքականի կազմում իր առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դառնալուն՝ Էրիկ Վարդանյանը, հատկապես հաշվի առնելով նաև տարիքը, ավելի շատ մտնում է հաջորդ խմբի մեջ, որի մասին կխոսենք ստորև:

Խումբ N2 – Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ

Քանի որ մեր երիտասարդական հավաքականը հերթական անգամ կորցրել է եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները, իսկ ընտրական մրցաշարն էլ մոտ է լինելու ավարտին Ազգելի Լիգայի սկսվելու պահին, այս թիմի ֆուտբոլիստներից շատերը կարող են շանս ստանալ միանալ ազգային հավաքականին և փորձել դսրևորել իրենց կարողություններն ավելի բարձր մակարդակի վրա: Առանձնացրել ենք մի քանի ֆուտբոլիստի, ովքեր կարող են հանդես գալ Հայաստանի հավաքականում հենց Ազգերի Լիգայի մրցաշարում:

Պաշտպաններ՝ Արթուր Քարտաշյան և Հայկ Սարգսյան

Նրանցից առաջինը հավաքական էր հրավիրվում դեռևս Վարուժան Սուքիասյանի օրոք, սակայն հետագայում Քարտաշյանի մոտ խաղային անկում նկատվեց: Վերջին շրջանում Արթուրը կրկին վստահ խաղ է ցուցադրում և, հաշվի առնելով կենտրոնական պաշտպանի դիրքում մշտական խնդիրները, կարող է շանս ստանալ նաև ազգային հավաքականում: Մեկ այլ կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանն անհասկանալի պատճառներով հանդես չի գալիս «Բանանցի» հիմնական կազմում, չնայած Մ-21 հավաքականի ակնհայտ առաջատարներից է: Սարգսյանը լավ է խաղում երկրորդ հարկում, գրագետ է դիրք ընտրելիս և որ պակաս կարևոր չէ ժամանակակից կենտրոնական պաշտպանի համար՝ ունի առաջին փոխանցում կատարելու բարձր որակ: Ազգերի Լիգան հենց այն մրցաշարն է, որտեղ Սարգսյանը կարող է փորձարկվել ազգային հավաքականում՝ հետագայում ավելի շատ խաղաժամանակ ստանալու հեռանկարով:

Կիսապաշտպան Նարեկ Ասլանյանը հանդես է գալիս այնպիսի դիրքում, որտեղ ազգային հավաքականում ուժեղ մրցակցություն կա, սակայն որոշակի իրավիճակներում կարող է դիտարկվել՝որպես կենտրոնական կիսապաշտպաններից որևէ մեկի փոխարինող: Էրիկ Վարդանյանը (չնայած իր ֆանտաստիկ նորամուտին), Ալիկ Առաքելյանը և Պետրոս Ավետիսյանը, որոնք վերջին 2 տարիներին մշտապես ազգային հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում են, նույնպես կարող են հրավիրվել երկրի գլխավոր թիմ, եթե կայունացնեն իրենց խաղը և մշտապես լինեն լավ մարզավիճակում: Մեկ այլ կիասապաշտպան` Հայկ Գալստյանը, մինչ օրս չի հրավիրվել ազգային հավաքական միմիայն իր «շնորհիվ»: Եթե Գալստյանը փոխի գործի հանդեպ իր մոտեցումը և ձեռք բերի թիմային մտածելակերպ, կարող է հետագայում շատ լուրջ «ձեռքբերում» դառնալ ազգային հավաքականի համար: Վերջապես, երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվելու ամենահավանական թեկնածուն, անկասկած, Վահան Բիչախչյանն է: Գյումրեցի ֆուտբոլիստը, ով հանդես է գալիս Սլովակիայի «Ժիլինա» ակումբում, խաղում է կիսապաշտպանության/հարձակման աջ թևում: Չնայած Վահանը մեծ հաշվով դեռ երիտասարդական հավաքականում էլ աչքի չի ընկել, բայց միանշանակ առաջադիմել է Սլովակիայում խաղալու ընթացքում: Բացի այդ, խաղալով Հայաստանի ազգային հավաքականում ավելի բարձրակարգ խաղընկերների կողքին, Բիչախչյանը կարող է ավելի շուտ բարձրացնել իր խաղային որակները և օգտակար լինել ազգային հավաքականին:

Խումբ N3 – Լեգեոներներ, որոնք դեռ չեն հրավիրվել կամ հրավիրվել, բայց չեն համաձայնել խաղալ Հայաստանի հավաքականում:

Տարբեր ասուլիսների և հարցազրույցների ընթացքում Արթուր Պետրոսյանը նշել է, որ կան երկու ֆուտբոլիստներ, որոնց ինքը անպայման կուզեր տեսնել հավաքականում և որոնց խաղը պատրաստվում է անձամբ դիտել:

Դրանցից մեկը, անկասկած, ուրուգվայահայ Դիեգո Ռոսսի Մարաշլյանն է: Խաղադիրքով ավելի շատ մոտ է Մխիթարյանին, չնայած կարող է խաղալ նաև եզրերում և հարձակվողի դիրքում, իսկ խաղաոճով՝ «նախաբեշիքթաշյան» Արաս Օզբիլիսին, չնայած որ աջլիկ է: Մարաշլյանն ընդամենը 19 տարեկան է, տեխնիկապես գերազանց պատրաստված և հիանալի հարվածների է տիրապետում: Դժվար է ասել՝ 19 տարեկանում Ուրուգվայի ամենահեղինակավոր ակումբում առաջատար դարձած և արդեն իսկ ԱՄՆ MLS տեղափոխված ֆուտբոլիստը որքանով կցանկանա հանդես գալ Հայաստանի հավաքականում, սակայն, փաստ է, որ Մարաշլյանը կուժեղացներ մեր թիմը: Եթե ՀՖՖ-ն դեռևս տրամադրված է զբաղվել այս ֆուտբոլիստի՝ հավաքականի հրավիրելու գործընթացով, ապա պետք է շտապի, քանի դեռ նրան չեն «նկատել» Ուրուգվայի հավաքականի մարզիչները:

Մյուսը, հավանաբար, ուկրաինական «Ստալի» կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանն է, ով ևս 19 տարեկան է և արդեն իսկ հանդես է գալիս Ուկրաինայի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող թիմի հիմնական կազմում: Հաշվի առնելով, որ արտերկրում հանդես եկող կենտրոնական պաշտպաններից կայուն խաղ է ցուցադրում միայն Վարազդատ Հարոյանը, իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող Հայկ Իշխանյանն ու Արտյոմ Միքայելյանը երիտասարդ չեն, Դանիելյանը, ազգային հավաքականին միանալու դեպքում, կարող է դառնալ Արթուր Քարտաշյանի և Հայկ Սարգսյանի մրցակիցը Ազգերի Լիգայում իր շանսը ստանալու համար մղվող պայքարում:

Տարբեր պատճառներով չի դիտարկվում Բելգիայում հանդես եկող Իվան Յագանի և Դանիայում հանդես եկող Էդգար Բաբայանի թեկնածությունը, փոխարենը, չնայած մի շարք խոչընդոտներին, հավաքականին կարող է միանալ նաև «Ռոստովի» պաշտպան/կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով նախկինում էլ դեմ չէր համալրել Հայաստանի ազգային հավաքականի շարքերը, բայց որպես խանգարող հանգամանք նշում էր Ռուսաստանում լեգեոներ դառնալու խնդիրը: Բայրամյանի պես ունիվերսալ և եվրոպական ակումբային մրցաշարերում խաղալու փորձ ունեցող ֆուտբոլիստը, անկասկած, օգտակար կլիներ Արթուր Պետրոսյանին:

Չնայած հավաքականի կազմում իր մեկնարկային՝ Դանիայի դեմ խաղում ոչնչով աչքի չընկնելուն՝ Եվրոպա՝ ավելի կոնկրետ Դանիա տեղափովելուց հետո, հավաքականին որոշակի իրավիճակներում կարող է օգտակար լինել նաև Դավիթ Արշակյանը: Բարձրահասակ հարձակվողը կարող է արժանանալ Արթուր Պետրոսյանի ուշադրությանը, եթե լավ մարզավիճակ ձեռք բերի և սկսի գոլեր խփել իր նոր ակումբի՝ «Վեյլեի» կազմում:

Վերջապես, ամենացավոտը, ամենածեծվածը և ամենադժվարը: Չնայած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետկանը նախկինում հայտարարել էր, որ եթե դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չմիանա հավաքականին (2017 թ. հունիս – խմբ.), ապա այլևս պետք չի լինի մեզ, բայց, դատելով մամուլի վերջին ասուլիսում հնչած մտքից, ՀՖՖ-ն դեռևս չի հրաժարվել Յուրչենկոյին հավաքական հրավիրելու մտադրությունից: Ակնհայտ է, որ Դավիթ Յուրչենկոյին մտահոգում է ոչ միայն լեգեոներ դառնալու խնդիրը: Հավանաբար, Յուրչենկոն, իմանալով, որ Հայաստանի հավաքականում դարպասահների խնդիրը մշտական է և օրհասական, ցանկանում է նաև որոշակիորեն «հարստանալ»՝ պահանջելով առատաձեռն պարգևատրություն՝ Հայաստանի հավաքականին միանալու համար: Ինչևէ, եթե ՀՖՖ-ն պատրաստ լինի դրան, իսկ Յուրչենկոն վերջապես գիտակցի, որ Ռուսաստանի հավաքականից իրեն չեն հրավիրելու, մեր հավաքականը կարող է ավելի ապահով զգալ իրեն Ազգերի Լիգայի հանդիպումների ընթացքում:

Արթուր Պետրոսյանին կարելի է մեղադրել տարբեր հարցերում, բայց մի բան անհերքելի է՝ նրա օրոք հավաքականի դռները բացվել են շատ ու շատ ֆուտբոլիստների համար, ովքեր նախկինում/երկար ժամանակ չէին հրավիրվում հավաքական: Դա է պատճառը, որ անգամ մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում չգտանք Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստ, ով իրապես արժանի կլիներ համալրել հավաքականը, բայց անտեսվել է Պետրոսյանի կողմից: Դա պատահական չէ, քանի որ Պետրոսյանը մշտապես ներկա է առաջնության բոլոր խաղերին և ծանոթ է բոլոր պոտենցիալ թեկնածուներին: Հենց դրա շնորհիվ էլ, ի տարբերություն նախորդ տարիների, հավաքականի թեկնածուների շրջանակն ընդլայնվել է: Դատեք ինքներդ:

Հենրիխ Մխիթարյան + 28 ֆուտբոլիստ, ովքեր հրավիրվել են և հավանաբար կրկին կհրավիրվեն հավաքական + 4 ֆուտբոլիստ, ովքեր կհրավիրվեն, եթե լինեն լավ մարզավիճակում + Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի 6 ֆուտբոլիստ, ստացվում է 39 ֆուտբոլիստ:

Եթե դրանց էլ գումարենք մեր կողմից սահմանված վերջին խմբի 5 լեգեոներներին, ստացվում է 44 ֆուտբոլիստ: Մեծ թիվ չէ ֆուտբոլային գերտերությունների համար, բայց ամենևին վատ չէ մի երկրի համար, որտեղ հավաքականի թեկնածուների շրջանակը վերջին տարիներին սահմանափակվել է 25-27 ֆուտբոլիստով: Այո´, թեկնածուների մի մասը շատ բարձրակարգ չէ, մյուսներն էլ ավելի շատ հեռանկարային են, քան այս պահին հարց լուծող, բայց կարևոր է, որ նրանք գոյություն ունեն և քիչ չեն: Տա Աստված, որ մինչև Ազգերի Լիգայի մեկնարկը հայտնվեն մեր կողմից չնշված ֆուտբոլիստներ, ովքեր կհամալրեն հավաքականը, իսկ առայժմ հենց այս ֆուտբոլիստներն են փորձելու հաղթել Ազգերի Լիգայի D խմբում և միգուցե՝ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Ա.Տ.

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: