3 պլյուս և 3 մինուս. վերլուծում ենք Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները

25 Հունվարի 2018 19:12
3 պլյուս և 3 մինուս. վերլուծում ենք Ազգերի Լիգայի վիճակահանության արդյունքները

Հունվարի 24-ին տեղի ունեցավ հայ ֆուտբոլասերների կողմից երկար սպասված իրադարձությունը՝ Ազգերի Լիգայի մրցաշարի վիճակահանությունը: Sportal.am-ը փորձել է հասկանալ, թե որոնք են վիճակահանության արդյունքների պլյուսներն ու մինուսները Հայաստանի հավաքականի համար:

Պլյուս N 1

Դեռևս մինչ վիճակահանությունը, խոսելով Հայաստանի հավաքականի համար ամենահարմար և անհարմար խմբերի մասին, կարծիք էինք հայտնել, որ մեր թիմի համար ամենահարմար մրցակիցները, ըստ զամբյուղների, կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Սան Մարինոյի հավաքականները: Ընդ որում, նշել էինք նաև, որ Սան Մարինոյի և Ջիբրալթարի միջև տարբերություններն այնքան էլ մեծ չեն, և Սան Մարինոն ավելի նախընտրելի է՝ միմիայն աշխարհագրական նկատառումներից ելնելով: Ստացվում է, որ Հայաստանի հավաքականին ինչպես մեր կարծիքով, այնպես էլ օբյեկտիվորեն բաժին է հասել բոլոր 4 խմբերից ամենահեշտը: Դա հեշտ է հասկանալ՝ համեմատելով, օրինակ, այն խմբի հետ, որտեղ Վրաստանի հավաքականն է՝ Լատվիայի և Ղազախստանի հետ միասին: Մեր խմբում չկան մրցակիցներ, որոնց հնարավոր չլինի հաղթել: Ակնհայտ է, որ եթե ցանկանում ենք դուրս գալ փլեյ-օֆֆ, պետք է 12 միավոր վաստակել Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ խաղերում: Մեր հիմնական մրցակիցը, բնականաբար, ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականն է: Եվ, չնայած մակեդոնական ակումբային ֆուտբոլի վերելքին և բազմաթիվ մակեդոնացիների առկայությանը եվրոպական ակումբներում, շարունակում ենք մնալ այն տեսակետին, որ ՆՀՀ Մակեդոնիան առավել նախընտրելի և հարմար մրցակից է, քան Վրաստանը և Բելառուսը:

Մինուս N 1

Որքան էլ որ հակասական թվա, Ազգերի Լիգայի՝ մեզ համար բարեհաճ և հարմար վիճակահանությունը կարող է միաժամանակ դառնալ նաև գլխավոր մինուսը: Համացանցում և երկրպագուների շրջանում արդեն իսկ սկսվել են «Եթե այս  խմբից էլ դուրս չգանք, ապա…, պարտավոր ենք բոլորին ջախջաջել…» և նմանատիպ վնասակար բացականչությունները: Շատ կարևոր է, որպեսզի ֆուտբոլիստները չընկնեն այդ ալիքի տակ և պահպանեն սառնասրտությունը: Մեր հավաքականն այն վիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ արհամարհել որևէ մրցակցի, այդ թվում՝ Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականներին, իսկ ՆՀՀ Մակեդոնիայի մասին խոսելն ավելորդ է: Այո´, եթե ուզում ենք հետագայում էլ ինչ-որ լուրջ բաների հավակնել, պարտավոր ենք հաղթել այս խմբում, բայց պետք չէ մտածել, որ բոլորին կարող ենք հաղթել «մեկ ոտքով»: Քիչ կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ այս խմբում ընդգրկվելով՝ շատ ավելի է մեծանում պատասխանատվությունը: Եթե Վրաստանին, Ղազախստանին կամ Լատվիային չհաղթելը կընդունվեր տհաճությամբ, բայց ինչ-որ տրամաբանական բացատրություն կունենար, ապա ակնհայտորեն ամենաթույլ խմբում չհաղթելը կհամարվի իսկական ֆիասկո:

Այսպիսով, գլխավոր եզրակացությունը. չի կարելի թողնել, որ պլյուսը վերածվի մինուսի: Պետք է  դուրս գալ խաղադաշտ վստահ, առանց մրցակիցներին թերագնահատելու և հասնել հաջողության:

Պլյուս N 2

Վիճակահանությունից ժամեր անց պարզ դարձավ նաև մրցաշարի խաղացանկը, որը ևս կարելի  է բարեհաջող համարել մեր հավաքականի համար: Շատ կարևոր է մրցաշարը սկսել տանը՝ համեմատաբար թույլ մրցակցի հետ խաղում: Այդ խաղում հնարավոր հաղթանակը վստահություն կհաղորդի և լավ սկիզբ կլինի ամբողջ մրցաշարի համար: Ընդամենը 3 օր հետո մեր ընտրանին կանցկացնի արտագնա հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի հետ: Այս խաղը հավանաբար կլինի ամենակարևորը մրցաշարի սկզբնական հատվածում: Չպարտվելու դեպքում մեր թիմը հիանալի հնարավորություններ կստանա զարգացնել հաջողությունը Ջիբրալթարի և նույն մակեդոնացիների հետ տնային հանդիպումներում, և ձևակերպել հաջողությունը Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ վերջին 2 խաղերում:

Մինուս N 2

Ինչպես և առաջին կետի դեպքում, այստեղ  ևս, պլյուսի և մինուսի միջև սահմանագիծը շատ նուրբ է: Իհարկե, դրական է այն, որ մեր հավաքականն սկսելու է մրցաշարը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ տնային խաղով: Մտահոգում է այն, որ մեր հավաքականն ավարտելու է մրցաշարը արտագնա երկու հանդիպումներով: Ցանկալի կլինի, որ մեր հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայի հետ անձնական խաղերում արդեն իսկ հանած լինի խմբի հաղթողի վերաբերյալ հարցերը, բայց, եթե այդպես չեղավ, վերջին տուրում մեր հավաքականը կարող է բախվել ակնհայտ դժվարությունների: Եթե Ջիբրալթարին պետք է հաղթել ամեն դեպքում, ապա Լիխտենշտեյնի նկատմամբ նրա  իսկ հարկի տակ պատվերով հաղթանակ չես տանի: Ժամանակին դա իրենց մաշկի վրա զգացել են նույնիսկ Եվրոպայի գործող չեմպիոն պորտուգալացիները: Բացի այդ, մեր հավաքականը պատմականորեն դժվարությունների է հանդիպում այնպիսի խաղերում, որտեղ պետք է պարտադիր հաղթել: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ մեր թիմը, դեռևս Վարդան Մինասյանի «երազանքի թիմի» ժամանակներից սկսած, մեծ դժվարությունների է հանդիպում զանգվածային պաշտպանություն ճեղքելու, դիրքային գրոհներով հաջողության հասնելու գործում: Ակնհայտ է, որ Ջիբրալթարը և Լիխտենշտեյնը նույնիսկ սեփական հարկի տակ փորձելու են խաղալ հենց այդպես՝ ամեն կերպ բարդացնելով մեր գործերը:

Գլխավոր եզրակացությունը. անցանկալի վերջաբանից խուսափելու համար պետք է փորձել օգտվել առաջին 4 հանդիպումներից 3-ը տանն անցկացնելու հանգամանքից և  փորձել «բոլոր հարցերը լուծել» մինչև 5-րդ տուրը, իսկ վերջին 2 խաղերում կամ դրանցից մեկում ամրագրել հաջողությունը:

Պլյուս N 3

Հենրիխ Մխիթարյանի «գործոնը», անկասկած, կարող է  վճռական դեր ունենալ Ազգերի Լիգայի մրցաշարում հաջողության հասնելու տեսանկյունից: Թե ինչպիսի տարբերություն կարող է ստեղծել Հենրիխը կարգով ավելի ցածր մրցակիցների հետ հակամարտությունում, բոլորից լավ կպատմեն ղազախները, իսկ Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, մեղմ ասած, Ղազախստանի մակարդակի չեն: Իհարկե, մոլորություն կլինի կարծել, որ վերոնշյալ 2 թիմերին, առավել ևս՝ ՆՀՀ Մակեդոնիային, հնարավոր կլինի հաղթել միայն Հենրիխ Մխիթարյանով, բայց նրա առկայությունը Հայաստանի հավաքականում կարող է իսկապես որոշիչ լինել: Մակեդոնացիները, հնարավոր է, ֆուտբոլիստների միջին կարգով նույնիսկ գերազանցում են մեզ, բայց այս մակարդակի խաղերում հենց կոնկրետ մեկ ֆուտբոլիստի կարգն ու վարպետությունը կարող են լինել առաջնային գրավական:

Մինուս N 3

Եվ  կրկին պլյուսն ինքն իրենով կարող է վերածվել և մինուսի: Նախ ոչ մի դեպքում չի կարելի հաջողության հույս ունենալ՝ առաջնորդվելով «Մենք Հենո ունենք, իրենք՝ ոչ, Հենոն միայնակ պատավոր է հաղթել նրանց» և այլ նմանատիպ դատողություններով: Երկրորդ՝ Մխիթարյանը ամենահայտնին և բարձրակարգն է այս խմբում ընդգրկված բոլոր թիմերի ֆուտբոլիստներից, հետևաբար նրա նկատմամբ ուշադրությունն էլ դաշտում լինելու է ամենաշատը: Սա կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել, քանի որ կարգով ցածր թիմերը հիմնականում գործում են կոշտ, երբմեն նաև՝ կոպիտ՝ ձգտելով առաջին հերթին վնասազերծել, կամ ավելի ճիշտ՝ շարքից ու հունից հանել մրցակցի առաջատարին: Իսկ մենք գիտենք, թե Հայաստանի հավաքականը որքան տարբեր է Հենոյի հետ և առանց: Մնում է միայն հուսալ, որ վերոնշյալը չի ստիպի Մխիթարյանին խուսափել պայքարից՝ մտածելով վնասվածք չստանալու մասին:

Գլխավոր եզրակացությունը. Մխիթարյանը, ում շատերը տեղին կամ անարդարացիորեն մեղադրում էին հավաքականի խաղերին ամբողջությամբ չնվիրվելու մեջ, ինքն էլ հասկանում է, որ արդեն  29 տարեկան է, իսկ հավաքականի հետ միջազգային ասպարեզում հաջողության հասնելու ավելի կարճ ու հեշտ ճանապարհ այևս չի ուրվագծվելու: Ազգերի Լիգան հենց այն մրցաշարն է, որտեղ պետք է  ցույց տալ իսկական ավագի և առաջատարի որակները:

Ինչպես նկատեցիք, ամբողջ հոդվածի մեջ խոսք անգամ չեղավ փլեյ-օֆֆում հաղթելու/ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու վերաբերյալ: Առայժմ վերլուծում ենք Հայաստանի հավաքականի՝ խմբում հաղթելու հնարավորությունները: Հենց նմանատիպ մոտեցում էլ ակնկալում ենք մեր հավաքականի մարզչական շտաբից: Մոտենալ ցանկացած հանդիպման՝ որպես առանձին միավոր, առաջ գնալ քայլ առ քայլ և խնդիրները լուծել դրանց ի հայտ գալուն պես:

Ա.Տ.

Լուսանկարները՝ ՀՖՖ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: