Ամփոփում. Լա Լիգան հատել է հասարակածը

20 Հունվարի 2018 20:29
Ամփոփում. Լա Լիգան հատել է հասարակածը

Իսպանիայի առաջնությունը հատեց հասարակածը: Sportal.am-ը վերլուծում է եվրոպական ամենահետաքրքիր առաջնություններից մեկի առաջին շրջանը՝ փորձելով հասկանալ չեմպիոնի ձախողման, «Բարսելոնա»-ի «կիսաչեմպիոնության», «Վալենսիա»-ի կտրուկ վերելքի պատճառները, ինչպես նաև առանձնացնում է առաջնության լավագույն ֆուտբոլիստներին ու ամենահետաքրքիր թիմերին:

«Ռեալ»

Զիդանի ստեղծած «մեքենան» ընթացիկ մրցաշրջանում կտրուկ դադարեց աշխատել: Այն, որ «Ռեալ»-ն արդեն կորցրել է չեմպիոնությունը, կարծում եմ՝ փաստ է: 19 կամ 16 միավորի պակասը (եթե հաշվի առնենք, որ «Ռեալ»-ը 16-րդ տուրից բաց թողած խաղում հաղթում է «Լեգանես»-ին) մադրիդյան գրանդը դժվար թե կարողանա զրոյացնել:

Ձախողման պատճառները շատ են: Նախ, Ֆլորենտինո Պերեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմը համալրելու լուրջ փորձեր չձեռնարկեց՝ փոխարենը հրաժարվելով մի շարք պահեստային ֆուտբոլիստների ծառայություններից: Խոսքն Ալվարո Մորատայի, Խամես Ռոդրիգեսի, Դանիլոյի, Մարիանո Դիասի մասին է: Այս ֆուտբոլիստներից բացի, թիմից հեռացավ նաև վերջին տարիների հիմնական պաշտպան Պեպեն, բայց «Ռեալ»-ն անգամ նրան փոխարինելու քայլեր չձեռնարկեց: Իսկ ովքե՞ր ժամանեցին «Սանտիագո Բերնաբեու»: Տեո Էրնանդեսն ու Դանի Սեբալյոսը, թերևս, «Ռեալ»-ի ամենալուրջ ձեռքբերումներն էին 2017/18 մրցաշրջանից առաջ, բայց նրանք խաղաժամանակ շատ քիչ են ստանում: Բորխա Մայորալը, Խեսուս Վալյեխոն, Մարկոս Լյորենտեն ու Դիեգո Լյորենտեն վարձավճարի ժամկետի ավարտից հետո վերդարձան ակումբ, բայց նրանց անունները հիմնականում տեսնում ենք գավաթային խաղերի ժամանակ: Մի խոսքով, «Ռեալ»-ը, որքան էլ որ տարօրինակ է հնչում, կազմի հետ կապված խնդիրներ ունի: Հիշու՞մ եք, նախորդ մրցաշրջանում «սերուցքայիններ»-ն անգամ 2 կազմ ունեին, որոնք հավասարապես ուժեղ էին, բայց այս տարի անգամ գլխավոր՝ աստղային կազմը չի արդարացնում իրեն:

Մորատայի, Խամեսի և մյուսների հեռանալը վնասեց նաև հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: Օրինակ, նախորդ մրցաշրջանում Մորատայի և Բենզեմայի մրցակցությունն օգնում էր այս 2 ֆուտբոլիստին, բայց այժմ, երբ Բենզեման փոխարինող չունի, սկսել է ավելի վատ հանդես գալ: Մորատան ու մյուսները, «Սանտիագո Բերնաբեու»-ից հեռանալով, իրենց հետ տարան նաև մրցակցությունը, որի բացակայությունն, անկասկած, վատ է անդրադառնում ֆուտբոլիստի՝ խաղալու ցանկության և մարզավիճակի վրա:

Պասիվ տրանսֆերային պատուհանից բացի, «Ռեալ»-ի անկման պատճառներից է նաև հիմնական կազմի ֆուտբոլիստների վատ մարզավիճակը: Սա վերաբերում է խաղային բոլոր դիրքերին՝ դարպասապահից մինչև հարձակում: Նավասն ու Կասիլյան, շատերի կարծիքով, «Ռեալ»-ի պես գրանդ ակումբին համախատասխան դարպասապահներ չեն, քանի որ կայունությամբ աչքի չեն ընկնում: Պաշտպանության եզրերը (Մարսելո և Կարվախալ) ավելի շատ զբաղվում են գրոհ կազմակերպելով, քան սեփական դարպասն անառիկ պահելուն միտված գործողություններ ձեռնարկելով: «Ռեալ»-ի թիկունքը հաճախ մերկ է մնում, քանի որ պաշտպանները չեն հասցնում նահանջել ու փակել մրցակցի առաջխաղացումը:

Կիսապաշտպանությունում նույնպես խառնաշփոթ է: Նախորդ մրցաշրջանում գերազանց խաղ ցուցադրած Կազեմիրոն այս տարի չի արդարացնում սպասելիքները: Կրոսը ձախողում է մրցաշրջանը, իսկ Մոդրիչը, թերևս, միջին գծի ամենաօգտակար ֆիգուրն է: Հարձակման գիծը նույնպես չի փայլում: Ռոնալդուն, կարծես, առաջնությունում կորցրել է հարձակվողի հոտառությունը, Բեյլին խանգարում են պարբերաբար կրկնվող վնասվածքները, թեպետ ուելսցին վերջերս ազատվել է այդ անեծքից և կամաց-կամաց մարզավիճակ է հավաքում, իսկ Բենզեման շարունակում է պահը պահի հետևից փչացնել: Այս իրավիճակին թերևս միայն մեկ բացատրություն կարելի է տալ՝ մոտիվացիայի պակաս: Ամեն ինչ նվաճած թիմը Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթներում էլ հաղթելուց հետո հայտնվեց երկնքում, որտեղից այժմ կամաց-կամաց վերադառնում է կանաչ խաղադաշտ:

Այս բոլոր խնդիրներն «աչք ծակեցին» «Սանտիագո Բերնաբեու»-ում կայացած «Էլ Կլասիկո»-ի ժամանակ, երբ «Ռեալ»-ին 3 միավոր էր պետք չեմպիոնական մրցավազք վերադառնալու համար, բայց թիմը 3 գնդակ բաց թողեց «Բարսելոնա»-ից:

Երբ թիմը պարտվում է, բոլորն առաջին հերթին հիշում ու մեղադրում են մարզչին: Զինեդին Զիդանը վերջին 2 տարում վաստակել է երկրպագուների հարգանքը, սերը, բայց, հավանաբար վաստակել է նաև մեկ անգամ ձախողվելու իրավունքը: Գլխավոր մարզչին փոխարինելը գուցե ճահճից դուրս գալու տարբերակներից մեկն է, բայց մարդկային տեսանկյունից դա արդարացի չի լինի: Զիդանը պետք է մնա և երկրորդ շնչառություն հաղորդի իր ստեղծած վտանգավոր գազանին:

Որպես վերջաբան կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ «Ռեալ»-ի համար Իսպանիայի ընթացիկ առաջնությունն ավարտված է: «Բլանկոսներ»-ը գրեթե զրկվել են չեմպիոնությունից: Մնում է միայն առաջնությունն ավարտել առաջին քառյակում, ինչը «Ռեալ»-ը պարզապես չի կարող չանել: Որքան էլ երկրպագուները կատակով կամ ծաղրանքով «սերուցքայիններ»-ին ուղարկում են Եվրոպա Լիգա, պետք չէ մոռանալ, որ «Ռեալ»-ը մնում է «Ռեալ»: «Արքայական ակումբը»-ը չի հանձնվի և կփորձի վերադառնալ, իսկ դրա համար պետք է ընդամենը 1 հաղթանակ լուրջ մրցակցի նկատմամբ, որից հետո Մադրիդը կարթնանա:

«Բարսելոնա»

«Բարսելոնա»-ի լավ մեկնարկը, ի տարբերությունը «Ռեալ»-ի ձախողման, սպասելի իրադարձություն էր: Կատալոնացիները տապալել էին 2016/17 մրցաշրջանը, և հենց դա էլ Վալվերդեի թիմի հրաշալի մեկնարկի պատճառներից մեկն էր: Տիտղոսների ծարավ «կապտանռնագույններ»-ը գործի անցան հենց սկզբից:

Էռնեստո Վալվերդեն նոր խաղային փիլիսոփայություն բերեց «Բարսելոնա», որն ավելի շատ հիմնված է 3 միավորի գաղափարի, քան գեղեցիկ խաղի վրա: Վալվերդեի թիմն առաջնության մեկնարկում հաղթում էր մրցակիցներին, բայց ասել, որ արտասովոր տպավորիչ ու գեղեցիկ խաղ էր ցուցադրում, ճիշտ չի լինի: Այս մրցաշրջանում հազվադեպ ենք տեսնում 5:0 կամ 6:0 հաշվով հաղթող «Բարսելոնա», բայց 1:0-ն էլ է բավարար 3 միավոր վաստակելու համար: Ընթացքում կատալոնացիները բարելավեցին նաև կոմբինացիոն ու գեղեցիկ խաղը: Վալվերդեի մարզչական բարձր որակները երևացին հատկապես «Էլ Կլասիկո»-ի ժամանակ, երբ կատալոնացիները մրցակցի դաշտում տակտիկապես գերազանցեցին Զիդանի թիմին (3:0):

Նեյմարի հեռանալուց հետո շատերը սկսեցին մտածել, որ «Բարսելոնա»-ն կձախողի նաև այս մրցաշրջանը: Շատերը, բայց ոչ «Բարսելոնա»-ն: Կատալոնացիները մրցաշրջանից առաջ սառը ցնցուղ ընդունեցին (Իսպանիայի սուպերգավաթում «Ռեալ»-ից կրած 2 պարտությունները), սթափվեցին և ամեն ինչ սկսեցին նոր էջից:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնա»-ն հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկին, բայց փոխարենը թիմ եկան Պաուլինյոն, Սեմեդուն, Դեմբելեն ու Դեուլոֆեուն: Պաուլինյոյի տրանսֆերի իմաստը շատերի համար անհասկանալի էր մինչ այն պահը, երբ բրազիլացին չսկսեց իր խաղով զարմացնել բոլորին ու փակել բոլոր բերանները՝ դառնալով Վալվերդեի «ջոկերը»: Այս տրանսֆերը ամենահաջողվածն էր «Բարսելոնա»-ի համար: Ուսման Դեմբելեից սպասելիքները նույնպես մեծ են, բայց ֆրանսիացին, ցավոք, առայժմ միայն վնասվածքներ է ստանում: Մնում է հուսալ, որ Դեմբելեն որևէ բարեկամական կապ չունի Մարկո Ռոյսի հետ, և հերթական վնասվածքի ապաքինումից հետո կսկսի արդարացնել իր համար վճարված ահռելի գումարները: Նելսոն Սեմեդուի տրանսֆերը նույնպես կարելի է հաջողված համարել: Պորտուգալացին բավական հաջող է հանդես գալիս պաշտպանության աջ եզրում: Համալրումներից ամենահիասթափեցնողը, թերևս, Ժերար Դեուլոֆեուն է, ով ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր խաղը և, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Կամպ Նոու»-ից: Ամփոփելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ «Բարսելոնա»-ն նախորդ տարվա ամռանը հաջող տրանսֆերային քաղաքականություն իրականացրեց, ինչի հետևանքներն այժմ երևում են:

Խոսել «Բարսելոնա»-ի մասին և չնշել Լիոնել Մեսսիի անունն ու ներդրումը կատալոնացիների հաջողություններում՝ անհնար է: Արգենտինացին շարունակում է առաջնորդել իր թիմին և հանդիսանալ նրա հաղթանակների գլխավոր «մեղավորը»: Մեսսին «Բարսելոնա»-ի ամեն ինչն է: Նա և՛ գոլեր է խփում, և՛ ստեղծում է դրանք: Նախորդ տարիներին եթե «Բարսելոնա»-ի խաղը չէր ստացվում, ապա Մեսսին էլ հաճախ չէր փայլում, բայց այս տարի կարող են ձախողվել բոլորը՝ բացի «այլմոլորակայինից»: Իհարկե, լավ է, երբ թիմում կա այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է մեկ հպումով վճռել խաղի ելքը, բայց այն, որ «Բարսելոնա»-ն կախում ունի արգենտինացուց, այնքան էլ դուրեկան փաստ չէ:

Վալվերդեին հաջողվել է իսկական թիմ ստեղծել. Տեր Շտեգեն, Պիկե, Ումտիտի, Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Ալբա, Պաուլինյո... Այս բոլոր ֆուտբոլիստները, ներառյալ անգամ Թոմաս Վերմալենը, խաղադաշտում հրաշալի են զգում գնդակն ու տարածությունը: Պաշտպանություն-կիսապաշտպանություն-հարձակում կապը կատալոնացիների մոտ բավական ամուր է: Դարպասին կանգնած «գերմանական պատը», պաշտպանների ապահով խաղը, կիսապաշտպանության վստահ ելույթներն ու Մեսսին առաջին շրջանում կարողացան 90 տոկոսով լուծել Լա Լիգայի չեմպիոնության հարցը: Լուիս Սուրաեսը, ում մոտ մրցաշրջանի սկզբում գրեթե ոչինչ չէր ստացվում, կամաց-կամաց վերգտնում է իր խաղը: Երբ այս կոլեկտիվին միանան նաև Ֆիլիպե Կոուտինյոն ու Յերի Մինան, այդ ժամանակ «Բարսելոնա»-ին կանգնեցնելը, գուցե, անհնար լինի:

Որպես վերջաբան, կարելի է պնդել, որ «Բարսելոնա»-ն 90%-ով լուծել է չեմպիոնության հարցը: Մնում է միայն սկսած գործը տուր առ տուր հասցնել իր տրամաբանական ավարտին:

«Վալենսիա»

«Վալենսիա»-ն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի գլխավոր բացահայտումն է: Նախորդ 2 մրցաշրջանը ձախողած «չղջիկներ»-ն այս տարի կերպարանափոխվեցին և իրենց պատմության լավագույն մեկնարկը գրանցեցին ներքին առաջնությունում: Առաջին շրջանից հետո «Վալենսիա»-ն վաստակած 40 միավորով 3-րդ հորիզոնականում է՝ ավելի առաջ, քան գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը:

Այս ամենը, իհարկե, ուղղակիորեն կապված է թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալի ժամանման հետ: Իսպանացի մասնագետը շատ կարճ ժամանակում կարողացավ ստեղծել մրցունակ և գրավիչ ֆուտբոլ ցուցադրող թիմ: Կասկած չկա, որ թիմի ղեկավարությունը մարզչի հարցում չի սխալվել: Մարսելինոն ու «Վալենսիա»-ն միմյանց համապատասխանում են այնպես, ինչպես Սիմեոնեն ու «Ատլետիկո»-ն:

Ակումբում երիտասարդ ու փորձառու ֆուտբոլիստների գերազանց համադրություն են ստացել: Գոնսալո Գեդեշը, Սիմոնե Ձաձան, Ռոդրիգոն, Դանիել Պարեխոն, Կարլոս Սոլերը, Սանտի Մինան ու Գեոֆրեյ Կոնդոգբիան միջին գծում և հարձակման գոտում հրաշալի են գործակցում: Երիտասարդներն արագություն ու սրություն են մտցրել «Վալենսիա»-ի խաղում:

Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ «Վալենսիա»-ի համար: Հաջող մեկնարկից հետո «Վալենսիա»-ն 14-րդ տուրից սկսած անկում ապրեց՝ 4 տուրում կրելով 3 պարտություն և տանելով 1 հաղթանակ, բայց Մարսելինոյի թիմը չհանձնվեց և վերադարձավ հաղթական ուղի: Ձմեռային տրանսֆերային պատուհանը «չղջիկներ»-ը չանտեսեցին. Ֆրանսիս Կոկլենն «Արսենալ»-ից ու Լուսիանո Վիետոն «Ատլետիկո»-ից համալրեցին թիմի շարքերը:

Երկրորդ շրջանում «Վալենսիա»-ից սպասելիքները մեծ են: Թիմի գլխավոր նպատակն անպայման Չեմպիոնների Լիգայի գոտում հայտնվելն է: Հուսանք, որ «չղջիկներ»-ը չեն դադարի ուրախացնել երկրպագուներին և հետաքրքրացնել իսպանական Պրիմերան:

«Ատլետիկո»

Մադրիդի «Ատլետիկո»-ին ցանկացած մրցաշրջանի մեկնարկից առաջ կարելի է դասել Լա Լիգայի չեմպիոնի գլխավոր հավակնորդների թվին: Համենայնդեպս, սա կշարունակվի այնքան, քանի դեռ թիմի ղեկը Դիեգո Սիմեոնե մարզչի ձեռքերում է: «Ատլետիկո»-ն Պրիմերայի և ողջ աշխարհի այն փոքրաթիվ ակումբներից է, որոնց խաղը մեծամասամբ կախված է գլխավոր մարզչից: Արգենտինացի մասնագետը հրաշալի մարտավար ու լիդեր է, ինչի շնորհիվ կարողանում է արդեն երկար տարիներ «Ատլետիկո»-ին պահել բարձունքում:

Մադրիդյան ակումբի խաղում ակնհայտ փոփոխություններ չեն եղել: «Էլ Չոլո»-ի տղաները շարունակում են խաղադաշտ դուրս գալ՝ ունենալով 1 վերջնական նպատակ՝ վաստակել 3 միավոր: Եթե պետք է ողջ կազմով պաշտպանվել, ապա «Ատլետիկո»-ն առանց ամաչելու անում է դա: Սիմեոնեի թիմի համար գլխավորը արդյունքն է, իսկ թե ինչպես «ատլետներ»-ը միավորներ կհավաքեն, դա այնքան էլ կարևոր չէ: Շատերի համար Սիմեոնեի թիմի խաղաոճը հեռու է ֆուտբոլից, շատերի համար այն հակաֆուտբոլ է, բայց ու՞մ է անհրաժեշտ գեղեցիկ խաղը, եթե արդյունքում գլխիկոր ես հեռանում խաղադաշտից: Երկրպագուներին՝ գուցե, բայց ոչ մարզչին ու ակումբի ղեկավարությանը:

«Ատլետիկո»-ն «թիմ» գաղափարի վառ արտացոլանքն է: Կոլեկտիվ խաղի, միմյանց փոխօգնության հասնելու շնորհիվ մադրիդյան ակումբը շարունակում է դրական արդյունք ապահովել: Սիմեոնեի թիմը առաջնության առաջին շրջանում 12 հաղթանակ է տարել, որոնցից ուղիղ կեսը նվազագույն՝ 1:0 հաշվով: «Ատլետիկո»-ն կարողանում է բացել խաղի հաշիվն ու խաղը հասցնել հաղթական ավարտի: Պաշտպանությունն այս թիմի հաղթաթուղթն է: Վիճակագրությամբ Սիմեոնեի թիմի թիկունքն ամենաամուրն է. «ատլետներ»-ն ընդամենը 8 գնդակ են բաց թողել: Յան Օբլակն ու պաշտպանները վստահ խաղով ցեմենտում են սեփական տուգանային հրապարակը: Փաստ է, որ սա մադրիդցիների հաջող խաղի գրավականներից մեկն է:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ատլետիկո»-ն պասիվ էր, բայց ձմռանը համալրումներ ունեցավ: Նախ թիմից հեռացավ ու «Սևիլիա» տեղափոխվեց Լուսիանո Վիետոն, ապա «Վանդա Մետրոպոլիտանո» ժամանեցին Վիտոլոն ու Դիեգո Կոստան, ով լրացուցիչ սրություն հաղորդեց  «ատլետներ»-ի խաղին:

Առաջնության երկրորդ հատվածում «Ատլետիկո»-ի խաղն էականորեն դժվար թե փոխվի: Պետք է սպասել նույնը, ինչ թիմն արեց առաջին շրջանում. կայունություն, թիմային խաղ, ամուր պաշտպանություն և սիմեոնեական հաշվարկներ: Արգենտինացու ֆուտբոլային փիլիսոփայությունը շարունակում է արդարացնել իրեն: Ձախողումներ, իհարկե, ժամանակ առ ժամանակ կլինեն, բայց Սիմեոնեն մեկ անգամ չէ, որ դուրս է եկել նման իրավիճակներից: Մայիսին «Ատլետիկո»-ին պետք է սպասել նվազագույնը լավագույն քառյակում, ինչը թիմին թույլ կտա վերադառնալ Չեմպիոնների Լիգա, որտեղ, ի տարբերություն Լա Լիգայի, այս տարի «ատլետներ»-ն անսպասելիորեն ձախողվեցին:

Այլ ակումբներ

Առաջատար քառյակից բացի, եվրագավաթային տեղերի համար պայքարին կմիջամտեն նաև «Վիլյառեալ»-ն ու «Սևիլիա»-ն: Առաջին շրջանում հաճելիորեն զարմացրեցին «Էյբար»-ը, «Բետիս»-ն ու «Ժիրոնա»-ն: Վերջինն իր պատմության ընթացքում առաջին անգամ է հանդես գալիս իսպանական էլիտար դիվիզիոնում, բայց արդեն հասցրել է հաղթել գործող չեմպիոնին: Այս թիմերը 2-րդ շրջանում ավելացնելու դեպքում նույնպես կարող են պայքարել Եվրոպայում հանդես գալու համար:

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ երկրորդ շրջանում ամենաթեժ պայքարը կընթանա եվրագավաթային տեղերի համար, իսկ այդ պայքարի մասնակիցները բավական շատ են: Չեմպիոնական ինտրիգ, ցավոք, հավանաբար չենք տեսնի, բայց առանձին հանդիպումներ, ինչպիսիք են օրինակ մադրիդյան դերբին ու «Էլ Կլասիկո»-ն, դեռ կհասցնենք վայելել:

Շարունակենք հետևել մոլորակի լավագույն առաջնություններից մեկին:

Խորհրդանշական հավաքական

Պահեստայիններ - Տեր Շտեգեն, Մոնտոյա, Գոդին, Սիստո, Պարեխո, Բուսկետս, Սուարես

* Խաղային դիրքերը պայմանական են

Ազատ Շահբազյան

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: