Ազգերի Լիգային ընդառաջ. «մահվան» և «կյանքի» խմբերը Հայաստանի ազգային հավաքականի համար

14 Հունվարի 2018 19:04
Ազգերի Լիգային ընդառաջ. «մահվան» և «կյանքի» խմբերը Հայաստանի ազգային հավաքականի համար

Ազգերի լիգայի վիճակահանությանը մնացել է ընդամենը 10 օր, իսկ Sportal.am-ը վերլուծել է, թե որ խումբը կարող է ամենաբարդը և ամենահեշտը լինել Հայաստանի հավաքականի համար:

Վերջին տարիներին ընդունված է ասել, որ ժամանակակից ֆուտբոլում հեշտ մրցակիցներ չկան, և բոլորն էլ սովորել են ֆուտբոլ խաղալ: Որքանով է այս պնդումը համապատասխանում իրականությանը՝ դժվար է ասել, բայց այն կարծես մտածված լինի Հայաստանի ազգային հավաքականի համար, որի վերջին տարիների ելույթներն ստիպում են մտավախություն ունենալ ցանկացած մրցակցի հետ հանդիպումից առաջ:

Որպեսզի հասկանանք, թե որ մրցակիցները կարող են լինել ավելի անհարմար կամ հարմար, եկեք նախևառաջ վերհիշենք Ազգերի Լիգայի D լիգայի բոլոր զամբյուղների դասակարգումը:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի ազգային հավաքականը D լիգայի երկրորդ զամբյուղում է: Մեր թիմին մի փոքր չհերիքեց՝ առաջին զամբյուղում հայտնվելու համար, ինչը հնարավորություն կտար խուսափել բավական ուժեղ ՆՀՀ Մակեդոնիայի, Բելառուսի և Վրաստանի հետ միևնույն խմբում ընդգրկվելու անցանկալի հեռանկարից (ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի հավաքականը չի կարող միևնույն խմբում ընդգրկվել Ադրբեջանի հետ): Այդուհանդերձ, փաստենք որ երկրորդ զամբյուղում հայտնվելն էլ վատ չէ. մեր թիմը միևնույն խմբում չի ընդգրկվի Լատվիայի, Լյուքսեմբուրգի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ, ինչը լավ է՝ հաշվի առնելով Լատվիայի հավաքականի հետ ունեցած հանդիպումների պատմությունը, Ֆարերյան կղզիների հեռավորությունը և լյուքսեմբուրգյան ֆուտբոլի սրընթաց վերելքը վերջին տարիներին:

Հաշվի առնելով այս ամենը՝ նախ փորձենք վերլուծել, թե որ թիմերը կլինեն ամենաբարդ մրցակիցները՝ սկսելով առաջին զամբյուղից:

Մեր կարծիքով, ամենաանցանկալի մրցակիցն առաջին զամբյուղից Վրաստանի հավաքականն է: Չնայած Վրաստանն ունի ամենացածր վարկանիշը առաջին զամբյուղի թիմերի շարքում և այնքան էլ հաջող հանդես չեկավ ընտրական նախորդ փուլում, բայց թիմի կազմը բավական երիտասարդ է և հեռանկարային: Բացի այդ Վրաստանի հավաքականի հետ հանդիպումների վիճակագրությունը, մեղմ ասած, մեր օգտին չէ, իսկ 1997 թ. կրած 0-7 հաշվով պարտությունը մի ամբողջ ֆուտբոլային սերնդի մղձավանջային հիշողություններից է: Շատերը կարող են պնդել, որ, ընդհակառակը, ավելի լավ է Վրաստանին հանդիպել հիմա և վրեժխնդիր լինել ամեն ինչի համար, բայց, մեր կարծիքով, Ազգերի Լիգան այն մրցաշարն է, որտեղ պետք է մտածել ոչ թե վրեժխնդրության, այլ ամեն գնով Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու մասին: Պակաս կարևոր չէ, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային թիմերի հակամարտություններն անցնում էին թեժ և սկզբունքային պայքարում, իսկ անդրկովկասյան «դերբիի» կարգավիճակի հետևանքով առաջացող լարվածությունը հաստատապես մեր ֆուտբոլիստների ամենամեծ օգնականը չի լինի կարևորագույն մրցաշարում խնդիրներ լուծելու տեսանկյունից:

Երրորդ զամբյուղի գրեթե բոլոր թիմերն էլ կարող են որոշակի հանգամանքների դեպքում անհարմար մրցակից համարվել մեր հավաքականի համար: Այս թիմերից Հայաստանի ազգային հավաքականը չի հանդիպել միայն Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Մոլդովայի հետ խաղացել ենք փոփոխական հաջողությամբ, իսկ Մալթայի հավաքականի մասին հիշելիս մինչ օրս էլ բոլոր հայ ֆուտբոլասերների մարմնով սարսուռ է անցնում: Այդուհանդերձ, կարծում ենք ու նաև վստահ ենք, որ այս զամբյուղի մրցակիցներից ամենաանհարմարը Ղազախստանի հավաքականն է: Չնայած Հայաստանի հավաքականը հաղթեց ղազախներին Երևանում, բայց դա ավելի շատ հետևանք էր մրցակցի՝ 10 ֆուտբոլիստներով մնալու և Հենրիխ Մխիթարյանի բարձր կարգի, քան մեր թիմի՝ մրցակցին ակնհայտորեն գերազանցելու հանգամանքի: Արդեն պատասխան խաղը ցույց տվեց, որ ղազախներն օրեցօր առաջադիմում են և հատկապես սեփական հարկի տակ շատ վտանգավոր են: Ղազախստանն անհարմար մրցակից է՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ թիմն իր տնային հանդիպումնենր անցկացնում է «Աստանա Արենա» արհեստական խոտածածկով մարզադաշտում, որը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում հյուրընկալվող թիմերի համար: Բայց ամենակարևորը՝ օրեցօր զարգացող անհամեմատ հարուստ և ուժեղ առաջնություն ունեցող Ղազախստանի համար սա ևս եզակի հնարավորություն է հայտվնել Եվրոպայի առաջնության եզրափակչում: Կասկածից վեր է, որ ղազախները փորձելու են ամեն կերպ օգտագործել իրենց ընձեռված հնարավորությունը:

Խոսելով 4-րդ զամբյուղում ընդգրկված թիմերի մասին՝ պետք է շեշտել, որ այստեղ ամենաանհարմար մրցակիցն ակնհայտ է: Չնայած Անդորրան վերջին տարիներին մի փոքր առաջադիմել է և նույնիսկ սկսել է հաղթանակներ տանել, բայց այս թիմը, Սան-Մարինոյի և Ջիբրալթարի հավաքականների հետ (որոշ վերապահումներով) գրեթե նույն մակարդակի վրա է: Մեր կարծիքով, խիստ անցանկալի է Կոսովոյի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկվելը: Շատերին կարող է շփոթության մեջ գցել այն հանգամանքը, որ այս թիմը վերջին զամբյուղում է, բայց դա միայն այն պատճառով է, որ Կոսովոն նոր է անդամակցել ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին և դեռ չի հասցրել վարկանիշային բավականաչափ միավորներ վաստակել: Բալկանյան դպրոցի ավանդույթերը, ամբողջ Եվրոպայով մեկ սփռված կոսովարների՝ իրենց պատմական հայրենիքի հավաքականի կազմում հանդես գալու պատրաստակամությունը, «խելագար» երկրպագուների առկայությունը Կոսովոյին, իրոք, դարձնում են ամենաանհարմար մրցակիցը Հայաստանի հավաքականի համար:

Այսպիսով, ըստ Sportal.am-ի, Հայաստանի հավաքականի համար «մահվան» խումբն ունի հետևյալ տեսքը.

Իսկ այժմ խոսենք տարբեր զամբյուղներում ընդգրկված հարմար մրցակիցների մասին:

Մեր կարծիքով, առաջին զամբյուղից առավել հարմար մրցակից է ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականը: Չնայած ընդամենը երկու ամիս առաջ մեր հավաքականը բավական մեծ հեշտությամբ հաղթեց Բելառուսի հավաքականին, բայց, այդուհանդերձ, այս երկու երկներին համեմատելով, բալկաններն ավելի հեշտ մրցակից են թվում: Նախ, բելառուսներն ակնհայտ ավելի մեծ պոտենցիալ ունեն և D լիգան նրանց իրական պոտենցիալի դրսևորումը չի, երկրորդ` մեր հավաքականի համար շատ ավելի հարմար է մակեդոնացիների խաղաոճը, երրորդ՝ ՆՀՀ Մակեդոնիան այն եզակի հավաքականներից է, որի հետ ունենք դրական վիճակագրությունը, իսկ վերջին հանդիպումը (2011 թ. հոկտեմբերի 7) մեր պատմության հաջող խաղերից մեկն է, ինչը կարող է կարևոր լինել հոգեբանական առումով:

Մեր կարծիքով, երրորդ զամբյուղից առավել հարմար մրցակից է Լիխտենշտեյնի հավաքականը: Չնայած «գաճաճները» երբեմն-երբեմն խառնում են ուժեղ մրցակիցների խաղաքարտերը՝ հատկապես՝ սեփական հարկի տակ հանդիպումներում, իսկ հավաքականի կորիզը կազմում են բավական ուժեղ առաջնությունում հանդես եկող «Վադուցի» ֆուտբոլիստները, սակայն Մալթայի և Մոլդովայի հավաքականների համեմատությամբ մի փոքր ավելի նախընտրելի են թվում: Մալթացիները բավական հաջող հանդես եկան ընտրական վերջին փուլում, բացի այդ Մալթայում շատ դժվար է խաղալ խոնավության ահռելի բարձր մակարդակի պատճառով, իսկ երկու թիմերի միջև պաշտոնական վերջին հանդիպման մասին մանրամասնորեն խոսելու ցանկություն հոդվածը գրելու ամբողջ ընթացքում այդպես էլ չառաջացավ: Մոլդովական ֆուտբոլում, անկասկած, որոշակի ճգնաժամ է, ինչն արտահայտվեց նաև ընտրական վերջին փուլում ունեցած չափազանց ցածր արդյունքներով, բայց մոլդովացիները միշտ էլ ավելի սոլիդ և վտանգավոր թիմ են եղել և կան, եթե համեմատենք Լիխտենշտեյնի հետ:

Եվ վերջապես, 4-րդ զամբյուղի ամենահարմար մրցակիցը. Չնայած Անդորրային ամենաշատն ենք հաղթել, իսկ Ջիբրալթարը համեմատական նորեկ է, բայց, ամենայն հավանականությամբ, առավել հարմար մրցակից է Սան-Մարինոյի հավաքականը: Նախ, Սան-Մարինոն ամենամոտն է Հայաստանին աշխարհագրական առումով: Երկրորդ, անդորրացիները, ինչպես արդեն նշել ենք, սկսել են հաղթաակներ տանել նույնիսկ պաշտոնական խաղերում: Երրորդ, Ջիբրալթարում, ինչպես և Մալթայում խաղալը բավական դժվար է՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները: Եվ վերջապես, Սան- Մարինոն, իրոք, ամենաթույլն է թվում այս հավաքականների շարքում՝ նկատի ունենալով նաև յուրաքանչյուր փուլում թարմացվող հակառեկորդները:

Եվ այսպես, ըստ Sportal.am-ի, Հայաստանի հավաքականի համար «կյանքի» խումբն ունի հետևյալ տեսքը.

Իհարկե, սրանք միայն ենթադրություններ են, իսկ թե ինչպես կդասավորվի մրցաշարը Հայաստանի ազգային հավաքականի համար, կիմանանք միայն դրա ավարտից հետո, սակայն շատ հաճախ հենց բարեհաջող վիճակահանությունը կարող է որոշիչ հանգամանք լինել հավաքականի հետագա ճակատագրի հարցում:

Մեկնաբանություններում կարող եք գրել նաև՝ որքանով եք համաձայն մեր տաբերակների հետ և առաջարկել Ձերը:

Ա.Տ.

Լուսանկարները՝ ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքերից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: