ՀՖՖ նախագահի ասուլիսի հանգուցային կետերը

12 Հունվարի 2018 18:21
ՀՖՖ նախագահի ասուլիսի հանգուցային կետերը

Այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեկ ժամից ավելի Հայաստանի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն էին ստացել իրենց հուզող բոլոր հարցերն ուղղել բանախոսին:

Առաջ անցնելով նշենք, որ, ըստ էության, հարցուպատասխանը հիմնականում ծավալվեց այն նույն հարցերի շուրջ, որոնք մշտապես շրջանառվում էին նախորդ ասուլիսների ժամանակ: Բնականաբար, պատասխաններն էլ մոտավորապես նույնն էին:

Համոզված ենք, որ շատերը ծանոթ են ասուլիսի մանրամասներին: Մենք կփորձենք անդրադառնալ դրա հանգուցային կետերին: Եվ այսպես...

1. «Չեմ պատրաստվում հրաժարական տալ»

Մեր ֆուտբոլային գերատեսչության թիվ 1 պաշտոնյան վերջապես բարձրաձայնեց այն, ինչի մասին մինչ այս էլ բոլորը հասկացել էին. նա նշեց, որ «չի պատրաստվում հրաժարական տալ» և շարունակելու է պաշտոնավարել առնվազն մինչև ընթացիկ ժամկետի ավարտը: Ավելին՝ Ռ.Հայրապետյանը չի տեսնում որևէ այլ թեկնածու, ով իրենից լավ կղեկավարի կառույցը: Այս հայտարարությամբ նա փաստացի վերջ դրեց հրաժարականին վերաբերող բոլոր ասեկոսեներին:

2. Յուրչենկոյի հետ բանակցությունները շարունակվելու են

Հավաքականի կազմի, մասնավորապես՝ դարպասապահի դիրքի համալրման հետ կապված ՀՖՖ նախագահը նշեց, որ Յուրչենկոն բարձրակարգ դարպասապահ է, և ինքը՝ որպես ֆեդերացիայի նախագահ, այս պահին շատ կուզենար, որ Յուրչենկոն լիներ մեր ազգային հավաքականում: Դա բավական անակնկալ հայտարարություն էր, քանի որ 2017թ. մայիսի 31-ի ասուլիսում Հայրապետյանը նշել էր, որ «եթե հիմա Յուրչենկոն չեկավ ազգային հավաքական, այլևս նա մեզ պետք չի»:

Ընդհանրապես, հավաքականի կազմի և կոնկրետ ֆուտբոլիստների հետ կապված նման զգացմունքային հայտարարություններ ֆեդերացիայի նախագահի կողմից էլի էին եղել. հիշենք Մանուչարյանին, Իրանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, սակայն լավ է, որ հետո ամեն ինչ հանդարտվել էր ու այդ ֆուտբոլիստները կարողացել են կոնկրետ խաղերին օգտակար լինել ազգային հավաքականին: Այս դեպքում, սակայն, նման լավատեսության հույս գրեթե չկա, եթե հաշվի առնենք նաև հենց Դավիթ Յուրչենկոյի արած հայտարարություները մամուլում: Այնպես որ, դժվար է հավատալ, որ, ամեն դեպքում, դարպասապահը կհամալրի մեր ընտրանու կազմը:

3. Մխիթարյանի թեման

Հասկանալի է, որ Հենրիխ Մխիթարյանը մեր ֆուտբոլային «ամեն ինչն» է: Սակայն նրան վերաբերող ամեն ինչ ծայրահեղացնելը, պատեհ-անպատեհ նրա մասին խոսելը դարձել է մեր լրատվական դաշտի «այցեքարտերից» մեկը: Հարց. ինչու՞ պետք է ֆեդերացիայի նախագահը տեղյակ լինի հավաքականի անդամ ֆուտբոլիստի ակումբային խնդիրների մանրամասների վերաբերյալ: Պատկերացնու՞մ եք, ասենք, Բրազիլիայի ֆեդերացիայի նախագահի վիճակը, երբ նրան հերթով սկսեն հարցնել իրենց ակումբային կարիերայում խնդիրներ ունեցող բրազիլացի ֆուտբոլիստների մասին: Այս հարցը Հայրապետյանին տրվել էր «Բանանց»-ի՝ արհեստական խոտածածկով խաղադաշտի բացումից հետո, տարեմուտին «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի ընթացքում... Գրեթե նույն պատասխանը ստացանք նաև այսօր:

Այս ասուլիսն ավելի շատ կարելի է համարել տարեսկիզբն ազդարարող, միմյանց շնորհավորելու և հերթական անգամ շփվելու հնարավորություն: Ոչ ավելին:

Ս.Բ.

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: