Ովքե՞ր են Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստները և ինչու՞

21 Դեկտեմբերի 2017 12:02
Ովքե՞ր են Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստները և ինչու՞

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության սկիզբը: Sportal.am-ն արդեն իսկ ներկայացրել է իր տարբերակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, իսկ այսօր այն ներկայացնում է նաև իր ընթերցողներին: Փորձենք միասին հասկանալ, թե ինչ սկզբունքներով ենք առաջնորդվել՝ մեր կարծիքով լավագույնների եռյակը կազմելիս:

Հավանաբար ամենաշատ մտորումները քվեարկելուց առաջ եղել են՝ կապված երրորդ տեղի հետ: Ճիշտ է՝ Հայաստանի ազգային հավաքականն այնքան էլ հաջող ելույթներ չունեցավ 2017 թվականի ընթացքում, բայց առանձին ֆուտբոլիստներ իրենց բավական հաջող դրսևորեցին: Այդուհանդերձ, փորձելով գոնե ինչ-որ չափով արժևորել մեր ներքին առաջնությունը և հայկական ակումբային ֆուտբոլը՝ չէինք կարող եռյակում չընդգրկել ֆուտբոլիստի, ով, մեր կարծիքով, ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ առաջնության, կամ եթե ավելի պարզ արտահայտվենք՝ օրացուցային անցնող տարվա Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Ֆուտբոլիստ, ով, լինելով պաշտպան/կիսապաշտպան, նախորդ մրցաշրջանում կիսեց Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը Միհրան Մանասյանի հետ՝ 13 անգամ գրավելով մրցակիցների դարպասը, իսկ այս մրցաշրջանում անցկացրած 15 խաղերում արդեն իսկ դարձել է 9 գոլի հեղինակ: Խոսքը, ինչպես, երևի, արդեն կռահեցիք, Արտակ Եդիգարյանի մասին է:

Արտակը դեռ Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում խաղալիս աչքի էր ընկնում ունիվերսալիզմով՝ հանդես գալով ինչպես աջ պաշտպանի, այնպես էլ հենակետային կիսապաշտպանի դիրքում, իսկ Հայաստանի ազգային հավաքականում իր առաջին 4 հանդիպումները 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացրել է ձախ պաշտպանի դիրքում: Եթե Արտակի պաշտպանական կարողություններին բոլորը վաղուց էին ծանոթ, ապա Եդիգարյան-կրտսերի հարձակողական-կառուցողական-ռմբարկուական հատկանիշների դրսևորումը վերջին շրջանի հաճելի անակնկալներից է մեր ֆուտբոլում և, ի թիվս այլ գործոնների, «Ալաշկերտի»՝ վերջին տարիների հաջողության գրավականներից մեկը: Աբրահամ Խաշմանյանը Եդիգարյանին օգտագործում է ոչ այնտեղ, որտեղ ֆուտբոլիստը սովոր է եղել խաղալ իր նախկին ակումբներում և հավաքականում: Արտակը Խաշմանյանին հոգեհարազատ 3-4-2-1 տակտիկական սխեմայի մեջ հանդես է գալիս ձախ ենթահարձակվողի կամ ինսայդի դիրքում: Փայլուն է հանդես գալիս: Հեռվից հուժկու և կարևորը՝ դիպուկ հարվածներ, գեղեցկագույն գոլեր, սրող փոխանցումներ, մեծ ծավալի աշխատանք, իսկ վերջին շրջանում՝ նաև 11-մետրանոցների հաստիքային իրացում: Սրանք Արտակ Եդիգարյանի այցեքարտերն են վերջին տարիներին: Նրանք, ովքեր համարում են, որ Հայաստանի առաջնությունում օրացուցային տարվա ընթացքում կիսապաշտպանի խփած 22 գոլը բավարար ցուցանիշ չէ լավագույն եռյակում լինելու համար (մենք այդպես չենք կարծում), կարող են հիշել Եդիգարյանի բավական վստահ ելույթները ինչպես ազգային հավաքականում (խաղաժամանակ ստանալու դեպքում), այնպես էլ ակումբային մակարդակով միջազգային խաղերում: Իսկ Եդիգարյանի սրող-կտրող փոխանցումը Ուրոշ Նենադովիչին Չեմպիոնների լիգայի պատասխան՝ «Ալաշկերտ»-«ԲԱՏԵ» հանդիպման ժամանակ, անկասկած, տարվա գեղեցկագույն դրվագներից է:

Եվ այսպես, ըստ Sportal.am-ի, Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանն արժանի է լինել Հայաստանի 2017 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

Այլընտրանք - Ռումյան Հովսեփյան, Միհրան Մանասյան

Երբ մտածում էինք, թե որ ֆուտբոլիստներն են արժանի զբացեցնելու երկրորդ տեղը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում, քննարկվում էր ընդամենը 3 ֆուտբոլիստի անուն: Այդուհանդերձ, հաշվի առնելով հենց հավաքականում ունեցած ելույթները, ի վերջո կանգ առանք Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանի վրա: Եթե մեկ առ մեկ վերհիշենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ելույթներն անցնող տարվա ընթացքում, ապա կհամոզվենք, որ Համբարձումյանը, թերևս, իր լավագույն տարին անցկացրեց հավաքականում:

Եթե նախկին մարզիչների օրոք Համբարձումյանը հավաքականում մեկ խաղում էր, մեկ ոչ, ապա Արթուր Պետրոսյանի օրոք 2017 թ, ընթացքում Համբարձումյանը ոչ միայն դարձավ թիմի անփոխարինելի աջ պաշտպանը, այլև իրական առաջատարներից մեկը: Եղան նաև խաղեր, երբ Համբարձումյանը կատարեց իր համար անսովոր՝ կենտրոնական պաշտպանի պարտականությունները և չնայած մանր թերացումներին՝ լավ կատարեց, այն էլ՝ հավաքականի համար ծանր շրջանում՝ կապված կադրային մի շարք կորուստների հետ:

Հավաքականում հաջող ելույթները մեծապես պայմանավորված էին նաև Համբարձումյանի ակումբային կարիերայի հաջողություններով: Նրա թիմը՝ «Վարդար»-ը, առաջին անգամ իրավունք նվաճեց մասնակցելու Եվրոպա Լիգայի խմբային փուլին, իսկ Հովհաննեսի դերակատարումն այդ պատմական իրադարձության մեջ բավական մեծ էր: Մի բան է հաջող հանդես գալ «Ռաբոտնիչկի»-ի կամ «Պոբեդա»-ի, մեկ այլ բան՝ գրագետ ֆուտբոլ ցուցադրել այնպիսի թիմերի դեմ, ինչպիսիք են «Մալմյո»-ն, «Կոպենհագեն»-ը կամ «Ֆեներբահչե»-ն, իսկ «Զենիթ»-ի և «Ռեալ Սոսիեդադի» կարգի թիմերի դեմ անցկացրած հանդիպումների ընթացքում կուտակած փորձն, ընդհանրապես, անգնահատելի է: Պատահական չէ, որ Համբարձումյանը գերազանց մարզավիճակում էր ամբողջ տարվա ընթացքում: Հովհաննեսն այն ֆուտբոլիստն է, ով մշտապես նվիրվում է խաղերին 100 տոկոսով և նույնիսկ ավելին՝ անկախ մարզավիճակից, երբեմն նույնիսկ արհամարհելով վնասվածքերը: Ամբողջ տարվա ընթացքում Համբարձումյանն ինչպես ակումբում, այնպես էլ հավաքականում պաշտպանությունում աչքի ընկավ գրագետ խաղով, իր եզրով գրոհներում սրություն ստեղծելով, հաշվենկատ և հմուտ եզրային փոխանցումներով, օդային պայքարում հաջող հանդես գալու կարողությամբ, իսկ մրցաշրջանի վերջում հերթական անգամ հանդես գալով իր համար անսովոր՝ ձախ պաշտպանի դիրքում՝ երկու փայլուն գոլով:

Հովհաննես Համբարձումյանի պայմանագիրը «Վարդարի» հետ ավարտվում է դեկտեմբերին: Կարծում ենք, որ 2017 թ. ընթացքում ցուցադրած իր խաղով Համբարձումյանը Հայաստանի ազգային հավաքականի այն եզակի ֆուտբոլիստներից է, ով իրապես արժանի է ու նաև կարող է հանդես գալ ավելի բարձրակարգ ակումբում և առաջնությունում:

Եվ այսպես, ըստ Sportal.am-ի, Հովհաննես Համբարձումյանն արժանի է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցնելուն:

Այլընտրանք – Տիգրան Բարսեղյան, Վարազդատ Հարոյան

Շատ կցանկանայինք օրիգինալ գտնվել կամ ունենալ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն իրապես արժանի ֆուտբոլիստների հսկայական ցուցակ և առաջին տեղում չնշել այն ֆուտբոլիստին, ում նշելու ենք: Ցավոք, քանի դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում չի կայացրել` առանձնացնել Հայաստանի և Հայաստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստների անվանակարգերը, Հենրիխ Մխիթարյանն այլընտրանք չունի և չի ունենա ևս մի քանի տարի:

Պարզապես չի կարող մեկ այլ ֆուտբոլիստ հավակնել տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, քանի դեռ Մխիթարյանը հանդես է գալիս մյուս բոլոր թեկնածուների ակումբներից մի քանի անգամ ավելի բարձրակարգ ակումբում` շատ ավելի բարձրակարգ մրցաշարերում: Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ Մխիթարյանը վերջին ամսում նորմալ խաղաժամանակ չի ստանում իր ակումբում, կամ երկրպագուների դժգոհությունը հավաքականում նախկինի համեմատ ավելի քիչ ներդրում ունենալու փաստը, միևնույն է, տարվա կտրվածքով, Մխիթարյանին այլընտրանք չկա: Դատեք ինքներդ: 3 տիտղոս մեկ տարում և գոլ Եվրոպա լիգայի եզրափակչում:

Համեմատեք այս ցուցանիշերը, օրինակ, Կորյանի՝ «ԲՄԱ Խաբարովսկի» կազմում վճռական 11-մետրանոցն իրացնելու կամ Մարկոս Պիզելլիի՝ Սաուդյան Արաբիայում խփած ֆանտաստիկ գոլերի հետ և կհասկանաք, որ ձեռքբերումների առումով Մխիթարյանին ոչ ոք նույնիսկ մոտ կանգնած չէ:

Եթե կառարկեք, որ այդ իրադարձությունները կապ չունեն Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հետ, քանի որ տեղի չեն ունեցել Հայաստանի հավաքականի կազմում, կառաջարկենք մի պահ վերանալ տեսողական/զգայական գնահատականներից և խոսել միայն թվերի լեզվով: Եվ այսպես, հայ երկրպագուները շարունակում են պնդել, որ Մխիթարյանն առաջվա պես չի նվիրվում հավաքականի խաղերի ընթացքում, իսկ Հենոն էլ սահմանում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ օրացուցային տարվա ընթացքում խփած գոլերի ռեկորդ՝ 6 գոլ: Այո՛, Հենոն այդ գոլերը խփել է ոչ այնքան ուժեղ մրցակիցների դարպասը՝ Ղազախստան, Սենթ Քիթս և Նևիս, Բելառուս և Կիպրոս, բայց ո՞վ էր խանգարում հարձակման գծի մյուս ֆուտբոլիստներին ևս դառնալ այդքան գոլի հեղինակ այդ թիմերի հետ խաղերում: Մխիթարյանը մի շարք խաղերում լավագույնն է եղել հավաքականի կազմում նաև վազած կիլոմետրերի, խլումների և սրող փոխանցումների քանակով:

Այսպիսով, ըստ Sportal.am-ի, հաշվի առնելով Մխիթարյանի թե՛ ակումբային հաջողությունները, թե՛ հավաքականում բոլոր թեկնածուների մեջ ամենահաջող վիճակագրությունը, Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է:

Այլընտրանք - Չկա

Ա.Տ.

Լուսանկարները՝ Sportal.Am-ի պահոցից, ՀՖՖ-ի և ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքերից, Արտակ Եդիգարյանի ֆեյսբուքյան էջից


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: