3 պատճառ, թե ինչու չի խաղում Հենրիխ Մխիթարյանը

11 Դեկտեմբերի 2017 20:34
3 պատճառ, թե ինչու չի խաղում Հենրիխ Մխիթարյանը

Վերջին ամսվա ընթացքում հայ ֆուտբոլային երկրպագուներին ամենից շատ հետաքրքրող հարցը Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Sportal.am-ը վերլուծել է Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակը, փորձել հասկանալ դրա պատճառները և զգույշ կանխատեսումներ արել ապագայի վերաբերյալ:

Սկսած այն պահից, ինչ Պոլ Պոգբան կարմիր քարտ ստացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում, հայ երկրպագուների մոտ հույս արթնացավ, որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում Մոուրինյոն ստիպված կլինի մեկնարկային կազմ վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 10 համարի դիրքում խաղացող այլ ֆուտբոլիստ «Յունայթեդ»-ի կազմում այս պահին չկա: Բայց եկավ խաղային օրը, և հայ երկրպագուների հույսերը հերթական անգամ հօդս ցնդեցին: Ընտրելով 4-2-3-1 խաղային սխեման՝ Մոուրինյոն ենթահարձակվողի դիրքում խաղադաշտ դուրս բերեց նոմինալ եզրային կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:

Նույնիսկ այսպիսի իրավիճակում «յուրահատուկը» շանս չտվեց Հենոյին՝ գրեթե վերջնականորեն հասկացնելով, որ հույսեր չի կապում նրա հետ: Փորձենք հասկանալ՝ արյդո՞ք միայն Մոուրինյոն է մեղավոր ստեղծված իրավիճակի մեջ, թե՞, այդուհանդերձ, մեր կիսապաշտպանը նույնպես ունի իր մեղքի բաժինը: Առանձնացրել ենք 3 պատճառ, թե ինչու է Մխիթարյանը հայտնվել ներկա իրավիճակում:

1. Վերջին հանդիպումներում օգտակար գործողությունների ցածր գործակիցը

Հավանաբար, կարիք չկա հիշեցնել, թե վերջին անգամ երբ է Մխիթարյանն աչքի ընկել որևէ օգտակար գործողությամբ: Հայկական ֆուտբոլի համար ծանր ժամանակներում երկրպագուների մեծ մասը, ովքեր ապրում են միմիայն Մխիթարյանի մասնակցությամբ մի խաղից մյուսը, առանց այն էլ անգիր գիտեն նրա հետ կապված վիճակագրական բոլոր տվյալները: Եվ որքան էլ երկրպագուներից առավել տաքարյունները (նրանց թիվը կազմում է մոտ 90 տոկոս) ամեն ինչում մեղադրեն միմիայն Ժոզե Մոուրինյոին, իրականությունը մի փոքր այլ է: Մոուրինյոն, ինչպես և Դորտմունդի «Բորուսիա»-ում Մխիթարյանի մարզիչները, անցած մրցաշրջանում նրան խաղացնում էր հարձակման եզրերում, և պետք է ասել, որ առաջին մրցաշրջանի համար Հենոյի ելույթը «Յունայթեդ»-ում բավականին հաջողված էր: Այս մրցաշրջանում Մխիթարյանը հենց սկզբից ստացավ իր համար իդեալական պայմաններ՝ իր հիմնական, սկզբնական, նախընտրելի, կամ ինչպես կուզեք անվանեք՝ ենթահարձակվողի դիրքում խաղալու հնարավորություն: Եվ սկզբից Մխիթարյանն ուղղակի փայլում էր. գոլային փոխանցումների բարձր ցուցանիշ, բազմաթիվ սրող փոխանցումներ, հիանալի համագործակցություն Ռոմելու Լուկակուի հետ, բայց բավական էր, որ վնասվածք ստանար Պոլ Պոգբան, և այդ ամենը կորավ այնպես, կարծես չէր էլ եղել: Մի քանի խաղ շարունակ Հենոն նման էր գունատ ստվերի: Այո՛, Հենոն քրտնաջան աշխատում էր դաշտում, ինչպես միշտ, բայց միանգամից կորան գոլային փոխանցումները և խաղ սրելու նույնիսկ նվազագույն ցանկությունը: Հենոն մի քանի խաղ շարունակ գրանցում էր ճշգրիտ փոխանցումների բարձր ցուցանիշեր, բայց դա ավելի շատ տխրելու առիթ էր, քան հրճվելեու, որովհետև փոխանցումների գերակշռող մասը կողք կամ հետ էին: Իսպառ վերացան նաև դրիբլինգը, խաղն իր վրա վերցնելու ձգտումը կամ հեռվից հարվածները: Նույնիսկ ստանդարտները, որոնք մրցաշրջանի հենց սկզբից վստահվել էին Մխիթարյանին, սկսեցին չստացվել: Պատճառներն անհայտ են, բայց այսքանից հետո մի՞թե կարելի է մեղադրել Մոուրինյոյին, ով սկսեց աստիճանաբար չընդգրկել Մխիթարյանին մեկնարկային կազմ, իսկ հետո՝ առհասարակ, հայտացուցակում: Մոուրինյոն հայ չէ, և նրա համար Հենոն ազգի պարծանք կամ եզակի ուրախություններից չէ, որ զիջի և առաջնայնություն տա նրան՝ անկախ ամեն ինչից: Մոուրինյոն մի թիմի գլխավոր մարզիչն է, որտեղ եթե ոչ բուն 10 համարի, ապա հարձակողական ոճի կիսապաշտպանների մեջ ուժեղ մրցակցություն կա, մանավանդ որ նույնիսկ փոխարինման դուրս եկող Մարսիալը, Ռեշֆորդը, Լինգարդը մշտապես աչքի են ընկնում թե՛ դրիբլինգով, թե՛ ավելի վստահ խաղով, և որ ամենակարևորն է հարձակողական ոճի ֆուտբոլիստի համար՝ խփած գոլերով: Հետևաբար, չի կարելի ջայլամի նման չտեսնել, թե ինչ է կատարվում շուրջը և հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցած բոլոր ծանր մեղքերը բարդել Մոուրինյոյի վրա, ինչպես որ անում են հայ երկրպագուներից շատերը: Ժոզեն ծանր բնավորությամբ մարզիչ է, բայց ամենևին ինքն իր թշնամին չէ:

2. Մխիթարյանի մրցակիցները, իրոք, ավելի ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում

Արդեն խոսեցինք Մարսիալի, Ռեշֆորդի և Լինգարդի վերաբերյալ: Մարսիալի ու Ռեշֆորդի հանդեպ հայ երկրպագույների ատելությունն արդեն իսկ չափելի է այն վերաբերմունքի հետ, որ կար Վիլիանի և Դուգլաս Կոստայի նկատմամբ Մխիթարյանի՝ «Շախտյորում» խաղալու տարիներին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կա քարացած կարծրատիպ, որ այս ֆուտբոլիստները միտումնավոր փոխանցում չեն կատարում Մխիթարյանին: Անհերքելի է, որ թե՛ Մարսիալը, թե՛ Ռեշֆորդը ժլատ և եսասեր ֆուտբոլիստներ են, բայց չի կարելի նրանց մեղադրել այն բանում, որ հարձակման փուլում խաղը շատ են վերցնում իրենց վրա: Ընդհակառակը, շատ հաճախ դա հենց այն է, ինչ սպասվում և պահանջվում է Մխիթարյանից, մինչդեռ վերջինս մշտապես գերադասում է կատարել փոխանցում մոտ կանգնած խաղընկերոջը: Լինգարդն առանձին թեմա է: Երիտասարդ ֆուտբոլիստը, ով մրցաշրջանից առաջ հարձակողական ոճի կիսապաշտպանների մեջ նույնիսկ 3-րդ ընտրությունը չէր՝ պարտվելով մրցակցությունն ակնհայտ ոչ լավագույն օրերն ապրող Խուան Մատային, հիմա դարձել է հիմնական կազմի լիարժեք անդամ: Եվ այստեղ ևս պատահականություն գրեթե չկա: Մի քանի գեղեցկագույն գոլ, հսկայական ցանկություն, և եզրային կիսապաշտպանի ակնհայտ հատկանիշներով օժտված Լինգարդն արդեն հայտնվում է նաև ենթահարձակվողի դիրքում:

Այդուհանդերձ, Հենոյի՝ մեկնարկային կազմում հայտնվելու շանսերը վերջնականապես հավասարվեցին զրոյի այն բանից հետո, երբ խաղադաշտ վերադարձավ Պոլ Պոգբան: Եթե նախորդ մրցաշրջանում և այս մրցաշրջանի սկզբում Պոգբան անընդհատ քննադատության կրակի տակ էր, քանի որ, ըստ շատերի, չէր արդարացնում իր վրա ծախսված միլիոնները, ապա վնասվածքից ապաքինվելուց հետո հենց Պոգբան է այն ֆուտբոլիստը, ով տարբերություն է ստեղծում հարձակման գծում: Եթե նախկինում ֆրանսիացին խաղում էր խաղադաշտի կենտրոնում, ապա վերադառնալուց հետո խաղում է 10 համարի դիրքում: Այստեղ Պոգբան ավելի օգտակար է, քանի որ մշտապես գնում է խաբքերի, սրում է խաղը, կատարում է հեռվից հարվածներ, նաև եզրափակում է գրոհները, ինչն իր նախորդ դիրքում այնքան էլ հեշտ չէր անել: Կենտրոնում անընդհատ գնալով խաբքերի և չարաշահելով անհատական խաղը՝ Պոգբան հաճախակի կորցնում էր գնդակը կամ դանդաղեցնում էր գրոհի տեմպը, իսկ 10 համարի դիրքը հենց նրա պես տեխնիկապես գերազանց օժտված և կրեատիվ խաղացողի դիրքն է: Ցավալի է, բայց Մխիթարյանը, եթե նույնիսկ գերազանց անցկացրած լիներ նախորդ 2 ամիսները, հավանաբար կզիջեր Պոգբայի հետ մրցակցությունում ենթահարձակվողի դիրքում, իսկ հաշվի առնելով նրա՝ վերջին շրջանի մարզավիճակը՝ Պոգբայի՝ այդ դիրքում խաղալու արդարացիությունն ակնհայտ է:

3. Մոուրինյոն եսասեր է և հիշաչար

Եթե նախորդ 2 պատճառները վերլուծություններ էին՝ հիմնված ֆուտբոլային փաստերի վրա, ապա երրորդ պատճառը, ցավոք, ոչ ֆուտբոլային է: Միաժամանակ այն ապացուցված չէ, բայց ծանոթ լինելով Մոուրինյո-մարզչի անցյալին և բնավորությանը՝ խիստ հավանական: Հայտնի փաստ է, որ տարվա լավագույն մարզչի քվեարկության ժամանակ Մխիթարյանն իր նախապատվությունը տվել էր Զինեդին Զիդանին՝ իր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոին չընդգրկելով նույնիսկ լավագույն եռյակում: Պարզ չէ՝ Մխիթարյանը չգիտեր, որ կարող է քվեարկել իր մարզչի օգտին, թե որոշումը կայացրել է գիտակցաբար: Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ, Հենոն մինչ օրս պատժվում է հենց դրա համար: Մոուրինյոյի մարզչական տաղանդը կասկածի ենթարկել հնարավոր չէ: Նրա՝ տարբեր երկրներում նվաճած բազմաթիվ տիտղոսները այնպիսի հակակշիռ կկազմեն, որ մենք հաստատ շահեկան դիրքում չենք հայտնվի, բայց կա մի բան, որ նույնիսկ ավելի ընդգծված է, քան այն, որ Մոուրն իրոք հզորագույն մարզիչ է. դա նրա էգոն է:

Չներել իր ֆուտբոլիստներին այսպիսի իրավիճակներում, ամեն կերպ վրեժխնդիր լինել. այս ամենն այնքան նման է Մոուրինյոին, ով տարբեր տարիների նույնիսկ առանց այսպիսի առիթներ ունենալու «փչացրել է» Շևչենկոյին և Կասիլյասին, Մատային և Լուկակուին (վերջին երկուսը հիմա այլ կարգավիճակում են), իսկ Դե Բրույնեի և Սալահի վերաբերյալ նրա դիրքորոշումը «Չելսի»-ում խաղացած տարիներին առնվազն ծիծաղելի է: Մոուրինյոն առանց այն էլ սիրում է «վատ» տղաների, ինչպիսին է, օրինակ, Զլատանը: Մշտապես համեստ Հենոն ոչ մի կերպ չի տեղավորվում այդ պատկերի մեջ: Երբ դրան գումարվում է նաև դժգույն խաղը, նրա՝ Մոուրինյոին «դուր գալու» շանսերն ավելի են քչանում: Բայց դժգույն խաղեր այս մրցաշրջանում ունեցել են ինչպես Լինգարդը, այնպես էլ Մարսիալը, Ռեշֆորդը և Մատան, ու, միևնույն է, շարունակել են գոնե հայտավորվել խաղերին: Ակնհայտ է, որ պատժամիջոցի այսչափ խստությունը պայմանավորված է ոչ միայն բուն ֆուտբոլային պատճառներով:

Հ.Գ. Ամենևին մտադիր չենք միմիայն քննադատել Հենրիխ Մխիթարյանին, ով հիմա լավ օրեր չի ապրում: Ընդհակառակը, ցանկանում ենք, որ Հենոն կարողանա հաղթահարել այս ճգնաժամը, որը սպառնում է դառնալ ամենաերկարն ու տհաճը իր խաղային կարիերայում եղած բազմաթիվներից: Հայ երկրպագուները և ֆուտբոլային հասարակությունը պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն. շարունակ անտեսելով սեփական թերությունները և մեղադրելով միմիայն ուրիշներին՝ հաջողության չես հասնի: Պետք է հասկանալ, որ #հենոդուխով կամ առավել ևս #Henoduxov (հայկական վերտառությամբ ստացվում է #Հենոդուքսով) հեշթեգերով գրառումներ անելով և Մոուրինյոի Instagram-ի էջը ռմբակոծելով՝ Հենոյին չենք օգնում, այլ ընդհակառակը: Մոուրինյոն այն մարզիչը չէ, ով տեղի կտա այսպիսի քայլերի հետևանքով, Մխիթարյանն էլ հաստատապես այնքան կամային հատկանիշներ, կամ եթե կուզեք՝ «դուխ» ունի, որ կարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից ինքնուրույն:

Մնում է միայն հասկանալ՝ ինչպես կդասավորվի Մխիթարյանի հետագա կարիերան. կհամակերպվի՞ ստեղծված իրավիճակի հետ և կկրկնի Շինջի Կագավայի ճանապարհը՝ վերադառնալով Դորտմունդ, կմնա՞ Մանչեսթերում և կգնա Բաստիան Շվայնշտայգերի ճանապարհով՝ պահպանելով բարձր աշխատավարձը, բայց խաղալով երկրորդ թիմում, կամ արդեն հունվարին վարձավճարով կտեղափոխվի՞ անգլիական այլ ակումբ, որտեղ կրկին կապացուցի իր բարձր կարգը և կվերադառնա «Յունայթեդ»: Կա ևս մեկ տարբերակ, որն արդեն բազմիցս պատահել է Մխիթարյանի հետ իր կարիերայի տարբեր հատվածներում. Մխիթարյանը վերադառնում է սկզբից հայտացուցակ, այնուհետև՝ հիմնական կազմ, և կրկին դառնում է թիմի առաջատարներից մեկը:

Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, իսկ թե ինչ կլինի իրականում, ցույց կտա միայն ժամանակը: Եղեք լավատես:

Ա. Տ.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: